Ամասիայում արդար ընտրություն միանշանակ չի եղել. խախտումներ չեն եղել, ճնշnւմներ են եղել պետական, մարզային ու համայնքային իշխանություններից. համայնքապետի թեկնածու
Ամասիայում համայնքապետի պաշտոնի համար պայքարող երկու թեկնածուներն էլ նշում են, որ նախընտրական քարոզարշավն ընդհանուր առմամբ հանգիստ է անցել, սակայն «Բարոյական արժեքներ» կուսակցության թեկնածու Սամվել Ղարիբյանը պնդում է՝ ընտրողների նկատմամբ ճնշումներ են գործադրվել, հայտնել է Ազատությունը։
«Չէի ասի՝ լարված էր, վիրավորանքներ ու ավելորդ խոսակցություններ չեն եղել, ամեն ինչ քաղաքական դաշտում էր։ Քարոզարշավի ժամանակ ճնշումներ չեն եղել, ճնշումներ եղել են ընտրողների վրա», - «Ազատությանն» ասել է Ղարիբյանը։
Նրա պնդմամբ՝ Ամասիայում գործող պետական կառույցների աշխատակիցներին ուղղորդել են քվեարկել իշխանության թեկնածուի օգտին՝ որոշ դեպքերում նաև աշխատանքից հեռացնելու սպառնալիքով։
«Ամասիայում արդար ընտրություն միանշանակ չի եղել։ Խախտումներ չեն եղել, ճնշումներ են եղել պետական, մարզային ու համայնքային իշխանություններից», - հայտարարել է նա։
Իշխող «Քաղաքացիական պայմանագրի» թեկնածու, գործող համայնքապետ Ջեմմա Հարությունյանի գնահատմամբ՝ քարոզարշավն անցել է ոչ շատ լարված մթնոլորտում։










