Ասացի՝ բարկացած եմ, աչքիս չերևա. Մելիքյանը պատասխանել է «Արարատ-Արմենիա»-ին և անդրադարձել հավաքականի ներքին գործերին միջամտելու դեպքերին

11:31 • 29.11.26

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը Go.FM 96.3 ռադիոկայանին տված հարցազրույցում անդրադարձել է «Արարատ-Արմենիայի» հետ առաջացած տարաձայնություններին և մանրամասներ է ներկայացրել Ժիրայր Շաղոյանի՝ ազգային թիմի նախորդ հավաքից հեռանալու վերաբերյալ։

Մելիքյանն ընդգծել է, որ չի պատրաստվում հրապարակայնորեն խոսել «Արարատ-Արմենիա» ակումբի դեմ, քանի որ մեծ հարգանքով է վերաբերվում թիմի ֆուտբոլիստներին, աշխատակիցներին ու երկրպագուներին։ Միևնույն ժամանակ, մասնագետը նշել է, որ ակումբի հայտարարության հետևում կանգնած անձինք պետք է պատասխանատվություն կրեն իրենց գործողությունների համար։

««Արարատ-Արմենիա» ակումբի դեմ լռությունը կշարունակվի, որովհետև ես երբեք թույլ չեմ տա ինձ որևէ բան խոսել ակումբի դեմ։ Ինձ համար ակումբը ֆուտբոլիստներն են, աշխատողները, նրանց ընտանիքներն ու երկրպագուները․ ես նրանց մեծ հարգանքով հաջողություն եմ մաղթում, ուրախանում եմ նրանց հաղթանակներով և մտածում պարտությունների պատճառների մասին։ Իսկ պատասխանը կլինի, բայց ինչ ձևաչափով՝ ցույց կտա ժամանակը»,- նշել է Մելիքյանը։

Խոսելով Ժիրայր Շաղոյանի հետ տեղի ունեցած միջադեպի մասին՝ մարզիչը պարզաբանել է, որ Կիպրոսի և Լատվիայի դեմ խաղերից առաջ 24 հրավիրված ֆուտբոլիստներից չորսը չպետք է մեկնեին արտագնա հանդիպումների, իսկ վերջնական ցուցակը կազմվել է խաղից հետո՝ հաշվի առնելով հնարավոր վնասվածքներն ու որակազրկումները։ Շաղոյանի անհաջող խաղից հետո Մելիքյանը որոշել է նրան չընդգրկել մեկնողների կազմում, սակայն անձամբ չի խոսել նրա հետ՝ ավելորդ լարվածությունից խուսափելու համար։

«Օգնականիս միջոցով փոխանցեցի, որ հիմա բարկացած եմ, աչքիս չերևա, այս երկու խաղերին չի մեկնի, իսկ Երևան վերադառնալուց և հանգստանալուց հետո անպայման կկանչեմ ու կխոսենք, կվերլուծենք ամեն ինչ։ Խաղից հետո նա պարզապես պետք է վերցներ պայուսակն ու գնար տուն»,- պատմել է մասնագետը՝ հավելելով, որ բնական է համարում ֆուտբոլիստի դժգոհությունը, սակայն նման հարցերը պետք է մնան թիմի ներսում։

Մելիքյանը նաև հերքել է Շաղոյանի նկատմամբ ոչ պատշաճ վերաբերմունքի մասին լուրերը՝ վստահեցնելով, որ չի վիրավորել և կոպիտ արտահայտություններ չի արել նրա հասցեին։ Միաժամանակ, նա կոշտ դիրքորոշում է հայտնել հավաքականի ներքին աշխատանքներին այլ մարզիչների միջամտության առնչությամբ։

«Այլևս կոպիտ ու չոր պետք է ասեմ՝ ես թույլ չեմ տա ոչ մեկին քիթը մտցնել իմ հանդերձարան ու իմ գործերի մեջ։ Հեռու մնացեք իմ հանդերձարանից, զբաղվեք ձեր գործով։ Ես ձեր գործերի մեջ չեմ մտնում, դուք էլ իմ գործերի մեջ մի՛ մտեք»,- հայտարարել է ազգային թիմի գլխավոր մարզիչը։

Անդրադառնալով իր՝ կոնֆլիկտային մարդ լինելու մասին կարծիքներին՝ Մելիքյանը հերքել է դրանք՝ որպես օրինակ բերելով իր երկարամյա աշխատանքն ու հարաբերությունները Բագրատ Նավոյանի, Արթուր Սողոմոնյանի, ՀՖՖ նախկին նախագահի և լրագրող Սուրեն Բաղդասարյանի հետ։

«Ֆուտբոլը զգացմունքային սպորտ է, տարաձայնություններ լինում են թե՛ երկրպագուների, թե՛ լրագրողների միջև, բայց միայն իմ դեպքում են դրանից մեծ պատմություն սարքում»,- ամփոփել է նա։

Հիշեցնենք, որ տարաձայնությունը սկսվել էր նոյեմբերի 12-ին՝ Հայաստան – Կիպրոս հանդիպումից հետո, երբ Մելիքյանը հետխաղյա ասուլիսում դրական էր գնահատել Շաղոյանի խաղը, սակայն քննադատել էր «Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզիչ Մանուել Տուլիպային՝ խորհուրդ տալով չմիջամտել հավաքականի գործերին։ Դրան հաջորդել էր «Արարատ-Արմենիայի» պաշտոնական հայտարարությունը, որում ակումբը նշել էր, որ Շաղոյանը վաղաժամ լքել էր հավաքականի բազան Մելիքյանի որոշումների պատճառով, և հորդորել էր մարզչին համեստությունը չշփոթել թուլության հետ ու ակումբների հետ չխոսել հրամայական տոնով։

Աղբյուրը`ArmSport.am