Գևորգ Ղազարյանն ու Ռոբերտ Արզումանյանը հանդիպել են Թբիլիսիի «Դինամո»-ի ղեկավարի հետ

15:56 • 29.11.26

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի թեկնածու Գևորգ Ղազարյանը շարունակում է հանդիպումների շարքը՝ առաջիկա ընտրություններին ընդառաջ։ Հայաստանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստը Ռոբերտ Արզումանյանի հետ հանդիպել է Թբիլիսիի «Դինամոյի» գլխավոր տնօրեն Զազա Դոլիձեի հետ։

Հանդիպման առանցքում վրացական ֆուտբոլի զարգացման հաջողված փորձն է եղել՝ մասնավորապես մանկապատանեկան ֆուտբոլի, ակադեմիական համակարգի և երիտասարդ խաղացողներին միջազգային հարթակ դուրս բերելու ուղղությունները։ Ղազարյանը հանդիպման մանրամասները ներկայացրել է ֆեյսբուքյան իր էջում․

«Այսօր Ռոբերտ Արզումանյանի հետ հանդիպեցինք Թբիլիսիի «Դինամոյի» գլխավոր տնօրեն Զազա Դոլիձեի հետ, ով 2016–2019 թվականներին զբաղեցրել է Վրաստանի ֆուտբոլի զարգացման հիմնադրամի տնօրենի պաշտոնը։

Թբիլիսիի «Դինամոն» հաջողված օրինակ է մանկապատանեկան ֆուտբոլի զարգացման, արդյունավետ ակադեմիական համակարգի և երիտասարդ ֆուտբոլիստներին միջազգային հարթակ դուրս բերելու գործում։ Հանդիպման ընթացքում մտքեր փոխանակեցինք վրացական ֆուտբոլի զարգացման փորձի, անցած ճանապարհի և այն Հայաստանում կիրառելու հնարավորությունների շուրջ։

Զազա Դոլիձեն մեր թիմին հրավիրեց Վրաստան՝ տեղում ծանոթանալու վրացական ֆուտբոլի զարգացման մոդելին և դրա գործնական մեխանիզմներին։ Վստահ եմ, որ միջազգային հաջողված փորձի ուսումնասիրությունը, մասնագիտական համագործակցությունն ու գիտելիքների փոխանակումը կարևոր նշանակություն ունեն հայկական ֆուտբոլի զարգացման գործում։ Հայկական ֆուտբոլի ապագան պետք է կառուցենք այսօր՝ հստակ տեսլականով, համակարգված աշխատանքով և երկարաժամկետ մտածողությամբ»։

Նշենք, որ Զազա Դոլիձեն 2016 թվականի մարտից ղեկավարել է Վրաստանի ֆուտբոլի զարգացման հիմնադրամը, որն առանցքային դեր է խաղացել երկրի ֆուտբոլային ենթակառուցվածքների և համակարգի արդիականացման գործում, իսկ 2019-ի հուլիսից ստանձնել է Թբիլիսիի «Դինամոյի» գլխավոր տնօրենի պաշտոնը։

Հավելենք, որ ՀՖՖ նախագահի ընտրությունները կկայանան դեկտեմբերի 21-ին՝ ֆեդերացիայի 28-րդ հերթական ընտրական ժողովի ընթացքում։ Պաշտոնի համար պայքարելու են երկու թեկնածուներ՝ Գևորգ Ղազարյանը (առաջադրվել է Գյումրիի «Շիրակի» կողմից) և Յուրի Ջորկաեֆի եղբայրը՝ ՀՖՖ նախագահի միջազգային հարցերով նախկին խորհրդական Դենիս Ջորկաեֆը (առաջադրվել է «Սյունիք» ՖԱ-ի կողմից)։ Նոյեմբերի 27-ին նրանց թեկնածությունները պաշտոնապես հաստատվել են ՀՖՖ ընտրական կոմիտեի կողմից։

Աղբյուրը`ArmSport.am