Գառնիկ Հովհաննիսյան. «Այս ցուցահանդեսով փորձում ենք գեղեցկացնել մեր առօրյան»
Փետրվարի 5-ից 9-ը «Լինենք Տեր Պետությանը» հասարակական կազմակերպության գրասենյակում անցկացվում է Գառնիկ Հովհաննսիյանի գեղանկարչական աշխատանքների ցուցահանդեսը:
Գեղանկարիչը ցուցահանդեսը բնորոշում է, որպես ակցիա` Հյուսիսային պողոտայի քաղաքական զբոսանքների մասնակիցների համար: Նշենք, որ պողոտայի քաղաքական զբոսանքների մասնակիցներից բացի, ցուցահանդեսը դիտելու են գալիս այլ երևանաբնակներ նույնպես` նկարիչներ, տարբեր դպրոցների նկարչական խմբակների աշակերտներ և այլն:
«Տեսնելով, թե ինչպես է ժողովուրդն իրար օգնում, ամառվա տապին սառը ջրով, ձմեռվա ցրտին` տաք թեյ հյուրասիրելով, ես ել իմ հնարավորությունների սահմաններում փորձեցի գեղագիտություն հրամցնել մեր պողոտայի և ոչ միայն պողոտայի ժողովրդին: Այս ցուցահանդեսով փորձում ենք գեղեցկացնել մեր առօրյան»,- նշեց գեղանկարիչը:
Ցուցահանդեսը կազմակերպվել է «Լինենք Տեր Պետությանը» ՀԿ–ի նախաձեռնությամբ:
Ցուցահանդեսին ներկայացված է 20 ակվարելային աշխատանք` հայաստանյան բնանկարներ, խաղաղօվկիանոսյան նկարներ և այլն: Գառնիկ Հովհաննսիյանի վերջին անհատական ցուցահանդեսը անցկացվել է ԱՄՆ-ում, 2005թ.-ին: Գեղանկարիչը նախատեսում է իր հաջորդ անհատական ցուցահանդեսն իրականացնել հաջորդ տարի, որը նվիրված կլինի իր 60 ամյակին, և որի ժամանակ կներկայացնի 60 նկար:










