Հնդկաստանում անցկացվում է Հայաստանի մշակույթի շաբաթ

17:21 • 05.02.09

Ս.թ. փետրվարի 3-ին Նյու-Դելիում Սատյա Սայ միջազգային կենտրոնում տեղի է ունեցել համերգ Հնդկաստանում Հայաստանի մշակույթի շաբաթվա շրջանակներում, հաղորդում են ՀՀ ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչությունից։

Հնդկաստանում Հայաստանի դեսպան Աշոտ Քոչարյանը հանդես է եկել հակիրճ ելույթով` անդրադառնալով հայ և հնդիկ ժողովուրդների մշակութային ընդհանրություններին։ Նա բարձր է գնահատել Մշակութային հարաբերությունների հնդկական խորհրդի աշխատանքը Հայաստանի մշակույթի շաբաթվա կազմակերպման և անցկացման ուղղությամբ` նշելով, որ այդ միջոցառումը նոր խթան կհանդիսանա երկու երկրների մշակութային կապերի առավել սերտացման համար։

Համերգին ելույթներ են ունեցել Ալ. Սպենդիարյանի անվան Հայկական ազգային ակադեմիական օպերայի եւ բալետի թատրոնի մենակատարները եւ պարային զույգը, Հովհ. Թումանյանի անվան Երևանի պետական տիկնիկային թատրոնի դերասանները։

Համերգին ներկա են եղել Հնդկաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ, Հնդկաստանի ԱԳՆ պաշտոնյաներ եւ Հնդկաստանում հայ համայնքի ներկայացուցիչներ։

Փետրվարի 4-ին Հայաստանի մշակույթի շաբաթվա շրջանակներում Նյու-Դելիում Ռուսական մշակույթի կենտրոնում տեղի են ունեցել Երեւանի պետական տիկնիկային թատրոնի երկու ներկայացումները, որոնց ներկա են եղել Նյու-Դելիի կրթական հաստատությունների սաներ, նաեւ դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատակիցներ։

Հայաստանի մշակույթի շաբաթվա միջոցառումները լուսաբանել են հնդկական ԶԼՄ-ները։