Բացահայտվել են Պուշկինի մահվան մանրամասները

10:46 • 09.02.09

Սանկտ Պետերբուրգում Պուշկինի անվան տուն-թանգարանի աշխատակիցներն անհավատալի բացահայտում են արել։ Արյան հետքերը, որոնք նկատելի են բազմոցի վրա, հավանաբար, թողել է բանաստեղծն իր մահվան օրը։

Թանգարանի աշխատակիցները դեռևս չեն բացահայտում մանրամասները, սակայն մասնագետները պատրաստվում են գիտական նիստի, որը կարող է նոր սենսացիա դառնալ, հաղորդում է infox.ru-ն։

Լրագրողներին տեղեկացրել են, որ ավելի քան 70 տարի Պուշկինի գրասենյակի ցուցադրված նմուշներից էր ռուս վարպետների աշխատանքի հին կաշվե բազմոցը։ Էքսկուրսավարները միշտ նշել են, որ նման բազմոցի վրա մահացել է Ալեքսանդր Պուշկինը։

Տուն-թանգարանի ղեկավար Գալինա Սեդովան երկար ժամանակ գլուխ է կոտրել, թե ինչու է Էրմիտաժը նվիրել այդ բազմոցը թանգարանին 1937թ.։ Մինչ այդ բազմոցը պատկանել է Ֆիլոսոֆովների ընտանիքին։
«Ո՛չ մասնագետները, ո՛չ մենք իրականում չէինք հավատում, որ կարող է նման հրաշք պատահել, և ինչ-որ բան կհայտնաբերվի։ Մեզ զանգահարել են դատաբժշկական փորձաքննության վարչությունից և նշել, որ 27 հետքերից մեկում առկա են արյան նշույլներ։ Բազմոցն ունի երկու ընդարձակ դարակ, որոնք նախատեսված են սպիտակեղենի համար։Այդ իսկ պատճառով եթե բազմոցը գտնվել է բնակելի տանը, այն չէր կարող գտնվել հյուրասենյակում կամ էլ ճաշասենյակում։ Այն կարող էր գտնվել միայն գրասենյակում։ Եվ եթե Ֆիլոսոֆովների ընտանիքը ստացել է բազմոցը Պուշկինի ընտանիքից, ապա սա այն հենց բազմոցն է, որը ժամականին գտնվել է գրողի գրասենյակում»,- հայտարարել է Սեդովան։

Դատաբժշկական փորձաքննության և գենետիկ անալիզի արդյունքները կհրապարակվեն այսօր՝ հատուկ գիտական նիստի ժամանակ։