Ռոտերդամի փառատոնում ցուցադրվել է նաև երիտասարդ հայ ռեժիսորի ֆիլմ
Հունվարի 21-ից մինչև փետրվարի 1-ը Ռոտերդամում անցկացվող 38-րդ միջազգային կինոփառատոնի SPECTRUM ծրագրում ցուցադրվել է նաև երիտասարդ հայ ռեժիսոր Արեգ Ազատյանի կարճամետրաճ ֆիլմը, որ կոչվում է «Զատկի ոտքից բռնված»:
19-րոպեանոց այս ժապավենը մի գրողի մասին է, ով անտառում ընկնում է փոսը, և ոչ ոք չի օգնում նրան դուրս գալ այնտեղից:
«Զատկի ոտքից բռնված» ֆիլմը նկարահանվել է Արեգ Ազատյանի համանուն գրքի հիման վրա, որը նա ավարտել է 2006թ.: Ֆիլմը նկարագրելիս Ռոտերդամի փառատոնի կազմակերպիչները նրա սցենարը համեմատել են Ֆրանց Կաֆկայի աբսուրդիստական ավանդույթի հետ:
Արեգ Ազատյանը 22 տարեկան է, անցյալ տարի է ավարտել Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեժիսուրայի բաժինը: Նրա մեկ այլ աշխատանքը՝ «Էշը», նույնպես ցուցադրվել է Ռոտերդամում դեռ 2005թ.: Արեգ Ազատյանը 3 գրքերի հեղինակ է, որոնցից «Մարդու դատավարությունը» ժողովածուի համար 2004թ. արժանացել է ՀՀ նախագահի մրցանակին:










