Տարին թումանյանական է լինելու
Հայ մեծանուն գրող Հովհաննես Թումանյանի ծննդյան 140 ամյակի առթիվ միջոցառումների հարուստ ծրագիր է նախատեսել Երևանում նրա անվան թանգարանը՝ տնօրեն Նարինե Թուխիկյանի գլխավորությամբ: Հոբելյանական միջոցառումների շարքը կմեկնարկի Թումանյանի ծննդյան նախօրեին՝ փետրվարի 18-ին, երեկոյան պարահանդեսով, որը կազմակերպիչները նպատակ ունեն բարի ավանդույթ դարձնել:
Փետրվարի 19-ին՝ մեծ լոռեցու հոբելյանի օրը, առաջին անգամ կնշվի որպես Գիրք նվիրելու օր, որին սկիզբ է դրվել Գրողների միության նախագահ Լևոն Անանյանի առաջարկով:
Մինչև ամսվա ավարտը կանկացվի “Թումանյանի հրապարակախոսությունը ժամանակների զուգահեռականներում” խորագրով գիտաժողովը, իսկ մարտին կկայանա մեկ այլ գիտաժողով՝ թումանյանական հեքիաթների թեմայով:
Տարվա ընթացքում Թումանյանի թանգարանում նախատեսում են հիմնել երիտասարդ թումանյանագետների ակումբ, հրատարակել թանգարանի պատմության մասին գիրք, կազմակերպել ուխտագնացություններ դեպի Դսեղ և Թբիլիսի, գրողի երևանյան թանգարանի շրջակայքում տեղադրել հուշաղբյուր և այլն:










