Հայաստանը ուշացել է Թումանյանի տունը վերադարձնելու հարցում
Վերջերս հայկական լարտվամիջոցներում լուրեր են շրջանառվում, որ հայ մեծանուն գրող Հովհաննես Թումանյանի տունը Թբիլիսիում վաճառվել է վրաց գործարարին:
Ինչպես հինգշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է Հ.Թումանյանի երևանյան տուն-թանգարանի տնօրեն Նարինե Թուխիկյանը, գրողի թբիլիսյան տունը կորցնելու հավանականության մասին խոսակցությունները տարվում էին դեռևս 13 տարի առաջ:
Ներկայացնելով նախապատմությունը` Թուխիկյանը հաղորդել է, որ 50-ականներին թբիլիսյան շենքը ծառայում էր որպես Թումանյանի անվան գրադարան: Սակայն տասնյակ տարիներ անց ի հայտ եկան լուրջ պարտքեր, ինչի արդյունքում տունը պարտքի մարման դիմաց հանձնել էին գործարարի:
«Մենք այդ տան սեփականատերերը չենք»,- մեկնաբանել է երևանյան տուն-թանգարանի տնօրենը:
Թուխիկյանը նշել է, որ անձամբ ինքը եղել է գրադարանի փակման գործընթացի ականատեսը, երբ 2008թ. նոյեմբերին այցելել էր Թբիլիսի: Ըստ վերջինիս` այդ ժամանակ արդեն գրադարանի գրքերը հավաքել էին առանձին արկղերի մեջ:
Թուխիկյանը, խոսելով խնդրի լուծման հնարավորությունների մասին, հավելել է, որ այդ հարցը պետք է լուծվի բարձր ատյանների մակարդակով: Այս համատեքստում տնօրենն ուղղել է սլաքները կառավարության և նախագահի վրա:
Պատասխանելով լրագրողի այն հարցին, թե ինչ գործողություններ են հանձն արվել երևանյան թանգարանի կողմից, Թուխիկյանն ասել է, որ թանգարանը չի կարող այդ հարցի լուծման երաշխիք դառնալ:
Տնօրենը հավելել է, որ այդ հարցին լուծում տալու համար նա արդեն դիմել է բարձր ատյաններ, սակայն չտեղեկացրեց ստացված պատասխանների մասին:










