Հայ քաղաքական գործիչները և մտավորականները Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը վալս կպարեն

17:12 • 12.02.09

«Հովհաննես Թումանյանի ծննդյան օրվա կապակցությամբ մենք պետք է բոլորին շնորհավորենք»,- ասել է հինգշաբթի Հովհաննես Թումանյանի երևանյան տուն-թանգարանի տնօրեն Նարինե Թուխիկյանը։

Փետրվարի 19-ին Հայաստանը տոնելու է գրողի 140-ամյակը։ Այսպես, հոբելյանական միջոցառումները մեկնարկելու են փետրվարի 18-ին, իսկ արդեն փետրվարի 19-ին տուն-թանգարանի շենքում կանցկացվի պաշտոնական պարահանդես։

Տնօրենը հավելել է, որ պարահանդեսի են հրավիրված տարբեր պաշտոնական դեմքեր, մտավորականության ներկայացուցիչներ։ Հրավիրվածներից շատերը, իմանալով, որ պարահանդես է լինելու, մտավախությամբ են մոտեցել այդ գաղափարին՝ պատճառաբանելով, որ չեն կարողանում պարել։

Սակայն Թուխիկյանը հավելել է, որ պարահանդեսին ներկա են լինելու նաև պրոֆեսիոնալ պարողներ, ովքեր կզվարճացնեն հյուրերին իրենց պարով և մեծ ուրախությամբ կօգնեն նրանց։ «Նման պարահանդես առաջին անգամ է կազմակերպվելու։ Մենք ցանկանում ենք ներարկել այդ մշակույթը մեր հասարակության մեջ. չէ՞որ նման միջոցառումները նախկինում մեծ հաջողություն են վայելել»,- նշել է տուն-թանգարանի տնօրենը։

Բացի պարահանդեսից, հոբելյանական միջոցառումների շրջանակում տեղի կունենան նաև գրքերի շնորհանդեսներ, այդ թվում նաև Թումանյանի ստեղծագործությունների երկու հատորների, որոնք նախատեսված են վատ տեսողություն ունեցող երեխաների համար։ Լույս է տեսնելու նաև Թումանյանի դստեր՝ Աշխենի արխիվը։

Նշենք, որ նախատեսված է նաև գիտական համագումարների անցկացում՝ ԵՊՀ-ի լրագրողական ֆակուլտետի և Ռուս-հայկական համալսարանի մասնակցությամբ։

Հոբելյանական միջոցառումները կշարունակվեն գարնանը և աշնանը։ Այսպես, մարտին բացվելու է երիտասարդ թումանյանագետների ակումբ։

«Այդ ակումբը կդառնա երիտասարդ գիտնականների համար յուրօրինակ մի դուռ»,- նշել է Թուխիկյանը։ Իսկ աշնանը բաց երկնքի տակ գրողի արվեստի երկրպագուները կհավաքվեն Թումանյանի հայրենի Դսեղ գյուղում։