Բարձր երաժշտություն Լիտվայից՝ եռօրյա համերգաշարի ընթացքում
2009թ. Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուսը ճանաչվել է Եվրոպայի մշակութային մայրաքաղաք, ինչի առթիվ այսօրվանից եռօրյա համերգաշարի ընթացքում Կամերային երաժշտության տանը կհնչի բացառապես լիտվական դասական երաժշտություն: Համերգաշարը նախաձեռնել է «21-ի հեռանկարներ» 10-րդ միջազգային երաժշտական փառատոնը՝ հրավիրելով անվանի կոմպոզիտոր Բրոնիուս Կուտավիչուսին:
Համերգներից առաջինը կկայանա այսօր՝ «Վիլնիուս կվարտետ»-ի մասնակցությամբ, ծրագրում կհնչեն Նարբուտայտե, Բալակաուսկաս, Կուտավիչուս, Շենդերովա:
Փետրվարի 13-ին նախատեսված է մենակատարների համերգ՝ մասնակցությամբ դաշնակահար Պետրաշ Գենիուշասի, թավջութակահար Դավիդ Գերինգասի և ջութակահար Ինգրիդա Ռուպայտեի, ծրագրում՝ Կուտավիչուս, Շենդերովա:
Իսկ փետրվարի 14-ի համերգի ժամանակ լիտվացի գործընկերների հետ բեմ կբարձրանան նաև հայ երաժիշտներ՝ «Սերենադ» կամերային նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Էդուարդ Թոփչյանի գլխավորությամբ, ինչպես նաև «Հովեր» կամերային երգչախումբը, գեղարվեստական ղեկավար և խմբավար՝ Սոնա Հովհաննիսյան: Համերգին կմասնակցեն նաև Դավիդ Գերինգասը և Ինգրիդա Ռուպայտեն: Ծրագրում ընգրկված են Լուրոշասի, Շենդերովայի, Կուտավիչուսի ստեղծագործությունները:










