«Նոր պար». Եվրատեսիլ 2009-ին Հայաստանը կներկայանա Արշակյան քույրերի ֆոլք-փոփով
Եվրատեսիլ 2009-ին Հայաստանը կներկայանա Ինգա և Անուշ Արշակյան քույրերով, ովքեր կկատարեն «Նոր պար» երգը, որն, իրենց իսկ բնորոշմամբ, պատկանում է ֆոլք-փոփ ոճին: Եվրատեսիլի մասնակցի անունը պարզ դարձավ մրցութային ամփոփիչ համերգի ժամանակ, երբ հայտ ներկայացրած 21 կատարողների շարքում լավագույնը ընտրվեց SMS քվեարկության և ժյուրիի որոշման արդյունքում: Նշենք, որ Tert.am կայքում անցկացրած հարցման արդյունքում նույնպես ամենից շատ ձայն էին հավաքել Արշակյան քույրերը:
Ռիթմիկ, հայկական ժողովրդական երգի տարրեր պարունակող «Նոր պար»-ը համեմված է «ջան, ջան» բացականչություններով: Երգի երաժշտության հեղինակը Մանե Հակոբյանն է, այն անգլերեն է, խոսքերի հեղինակը` Վարդան Զադոյանը, հայերեն տեսքտի փոքր հատվածը հեղինակել է Ավետ Բարսեղյանը, գործիքավորումը կատարել է եվրատեսիլյան երգերի մեծ փորձ ունեցող Արա Թորոսյանը:
Իսկ Եվրատեսիլ մեկնելու համար պայքարից դուրս մնացած 20 հայտերի շարքում կային ամենատարբեր ժանրերի ու նաև որակի երգեր ու կատարողներ: Պաշտոնական արդյունքների համաձայն` երկրորդ տեղում մոսկվաբնակ երգիչ Մհերն էր: Հայկական շոու բիզնեսում հաճախ շրջանառվող անուններից Շպռօտն էր ձգտում մեկնել Մոսկվա, ինչպես նաև Տիգրան Պետրոսյանը, ով կատարում էր Հայկոյի հեղինակած, իր համար բավական անսովոր ռիթմիկ երգ: Վերջիններս քվեարկության արդյունքներով հայտնվեցին համապատասխանաբար 5-րդ և 6-րդ հորիզոնականներում: Հայտերի շարքում բավական մեծ կշիռ ուներ ռոք երաժշտությունը` նեկայացած Բամբիռ, Dorians, The beautified project խմբերի, ինչպես նաև մի քանի կատարողների կողմից: Արցախից մրցույթին մասնակցող 2 երգիչներն առանձնացան իրենց ձայնային տվյալներով: Կային նաև միանգամայն նորահայտ անուններ, որոնք իրենց անորակ կատարումներով ու բեմական անփորձությամբ ստիպում էին մտածել, որ առաջին անգամ են մեծ բեմում:
Եվրատեսիլ 2009-ը կկայանա մայիսի 12-ին, 14-ին և 16-ին Մոսկայում: Ինգա և Անուշ Արշակյանների «Նոր պարը» կհնչի առայժմ մայիսի 12-ի կիսաեզրափակիչում, որի ժամանակ լավագույն տասնյակում հայտնվելուց հետո միայն հաղթողի կոչման համար կպայքարեն եզրափակիչ փուլում: Հաղթողը կրկին որոշվելու հեռուստադիտողի SMS քվեարկության և այս տարվանից նաև ժյուրիի որոշման արդյունքում:










