«Պայացներ» օպերան բեմում կլինի մարտի սկզբին

09:40 • 16.02.09

Հունվարի վերջին նախատեսված և օպերային երգիչ Գեղամ Գրիգորյանի մոր մահվան պատճառով չկայացած «Պայացներ» օպերան բեմում կլինի մարտի սկզբին՝ 3-ին և 6-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում:

Ռուջերո Լեոնկավալոյի «Պայացներ» օպերայում աշխարհահռչակ տենոր Գեղամ Գրիգորյանի հետ միասին հանդես կգան Լիանա Ղազարյանը, Գևորգ Հակոբյանը, Դավիթ Բաբայանցը և Արմեն Զաքյանը: Կմասնակցեն նաև «Հովեր» կամերային երգչախումբը, «Սպեղանի» մանկական երգչախումբը և «Միմ ստուդիո»-ն, դիրիժորը պետֆիլհարմոնիկի գեղարվեստական ղեկավար Էդուարդ Թոփչյանն է, իսկ բեմադրող ռեժիսորը՝ Սուքիաս Թորոսյանը:

«Պայացներ»-ի այս բեմադրության պրեմիերան կայացել է 1997թ. հուլիսի 17-ին: Իսկ ստեղծագործությունը Լեոնկավալոն հեղինակել է 1892թ., նրան է պատկանում նաև լիբրետտոն, որի համաձայն՝ պայացները կամ դիմակավոր մարդիկ կատակերգություն են խաղում գյուղի բնակիչների համար: