Հայկական «Փոքր թատրոնը» կմասնակցի ռուսաստանյան մրցանակաբաշխությանը
Ռուսաստանում անցկացվող ազգային թատերական մրցանակաբաշխություն և փառատոն «Ոսկե դիմակ»-ին այս տարի նաև հայկական թատրոն կմասնակցի: Հեղինակավոր փառատոնի շրջանակներում այս տարի առաջին անգամ անցկացվում է հատուկ արտամրցութային ծրագիր՝ «Մասկա պլյուս», որին մասնակցելու են հատկապես աչքի ընկած ներկայացումներ Ռուսաստանից, ԱՊՀ և բալթյան երկրներից: Հայաստանից «Մասկա պլյուս»-ին մասնակցելու հրավեր է ստացել «Փոքր թատրոն»-ը՝ «Օֆելյայի ստվերների թատրոնը» ներկայացմամբ:
«Ոսկե դիմակ» հեղինակավոր փառատոնն այս տարի անցկացվում է 15-րդ անգամ՝ մարտի 27-ից ապրիլի 17-ը: Հայաստանը նախորդ տարի մասնակցել է փառատոնի շրջանակներում կայացած թատերական տոնավաճառին: Իսկ «Օֆելյայի ստվերների թատրոն» ներկայացումն այս տարի հանդես կգա ապրիլի 3-ին և 4-ին:
«Օֆելյայի ստվերների թատրոնը» վիզուալ ներկայացում է` ըստ Մ. Էնդեի համանուն հեքիաթի, պատմում է թատրոնի ծեր հուշարարի մասին, ով իր տանն ապաստան է տալիս բոլոր միայնակ ստվերներին։ Ներկայացումը բարձր գնահատականների է արժանացել ինչպես Հայաստանում, այնպես էլ մի քանի միջազգային փառատոներում:










