Հասմիկ Պողոսյան. «Մեր այս տարվա հոգսը Թումանյանին նոր սերնդին վերադարձնելն է»

12:51 • 19.02.09

«Թումանյանական այս տարվա մեր հոգսը՝ չակերտավոր ու նաև իրական հոգսը, Թումանյանին նոր սերնդին վերադարձնելն է»,- այսօր Թումանյանի ծննդավայր Դսեղում հայտարարել է ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն ու հավելել, որ Թումանյանի համար արվել է մաքսիմումը, այսինքն՝ Երևանում ունենք նրա անվան թանգարան, նրա անվան փողոց, բայց միևնույնն է, կրկին խնդիր է առաջացել Թումանյանին նոր սերնդին ճանաչելի դարձնելը։

Այս պահին, երբ նախագահ Սերժ Սարգսյանը Լոռու մարզ այցի շրջանակներում մասնակցելու է նաև Դսեղում կայանալիք հանդիպմանը, Թումանյանի տուն-թանգարանի տարածքը մարդաշատ է։ Բակում ներկայացված է Թումանյանի հեքիաթների մասին պատմող ցուցադրություն, ողջ գյուղը հավաքվել է՝ նշելու Թումանյանի ծննունդը։ Հավաքվածների թվում են թումանյանական հեքիաթների հերոսներին ներկայացնող մարդիկ։

Անդրադառնալով Վրաստանում Հովհաննես Թումանյանի տուն–գրադարանի, վաճառքի մասին խոսակցություններին՝ Հասմիկ Պողոսյանը ասել է, որ տան սեփականատերը պարտքի դիմաց որոշակի գումար է փոխանցել ինչ-որ մեկի հաշվին, սակայն այդ գործողությունը եղել է շատ վաղուց՝ 10 տարի առաջ, և մինչ օրս որևիցե բան չի փոխվել։ Ըստ նախարարի՝ խոսակցություն է եղել Թումանյանի տուն–գրադարանից գրքերի մի մասը այլ վայր տեղափոխել։

«Այն պահից, որ սեփականությունը որոշեն վաճառել, իհարկե, այստեղ Հայաստանի Հանրապետությունը և Մշակույթի նախարարությունը մտածելու խնդիր ունեն, բայց քանի դեռ նման խնդիր չկա, նախարարությունը չի կարող միջամտել»,- ասել է Հասմիկ Պողոսյանը։