Հայ գրատպության 500-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումները կմեկնարկեն Վենետիկում

00:47 • 01.12.11

Վենետիկի Կոռեր, Հնագիտական ազգային թանգարաններում և Մարչանա ազգային գրադարանում  դեկտեմբերի 14-ին տեղի կունենա Հայ գրատպության 500-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների հանդիսավոր բացումը: Այս մասին տեղեկակացնում է Մշակույթի նախարարությունը։

«Հայաստան. քաղաքակրթության դրոշմներ» խորագրով ցուցահանդեսը կգործի մինչև 2012 թվականի ապրիլի 10-ը: Ցուցադրության կներկայացվեն Հայաստանի և Եվրոպայի թանգարաններից ու գրադարաններից Վենետիկ բերված ավելի քան 200 հազվագյուտ ձեռագրեր, հնատիպ գրքեր, մանրանկարներ, խաչքարեր, հուշաձանների մանրակերտներ, գորգեր, քարտեզներ և այլն:

Ցուցահանդեսի նախաձեռնողն է Հայ գրատպության 500-ամյակի պետական հանձնաժողովը` Նախագահի գլխավորությամբ: Նախագծի իրականացնողներն են ՀՀ մշակույթի նախարարությունը և Մխիթարյան միաբանությունը, Վենետիկի Քաղաքային թանգարանների հիմնարկը, Վենետիկ քաղաքի և Վենետիկյան ճակի եզրամասերի համայնքների պատմական, գեղարվեստական և ազգագրամարդաբանական ժառանգության և թանգարանային բևեռին վերահսկող հատուկ գերատեսչությունը և Մարչանա ազգային գրադարանը:

Ցուցահանդեսը կուղեկցվի համերգային ծրագրով, որը տեղի կունենա Սան Մարկո տաճարում: