HD տեխնոլոգիաներ, շլացնող լուսային էֆեկտներ. սպասվում է «Մանկական Եվրատեսիլի» գլխավոր փորձը

15:23 • 02.12.11

Այսօր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում վերջապես կմեկնարկի այդքան սպասված «Մանկական Եվրատեսիլ» 2011-ի գլխավոր փորձը: Այսօր և դեկտեմբերի 3-ին կայանալիք համերգները նույնն են լինելու, ընդամենը մի տարբերությամբ` չի լինելու քվերակություն և հաղթող: Միջոցառման պատասխանատուները վստահեցնում են, որ մեզ բոլորիս հիանալի շոու է սպասվում: Հայաստան է ներմուծվել եվրոպական լավագույն տեխնիկան: Համերգի ձայնը կապահովեն շվեդական HD տեխնոլոգիաները:

Բեմը խորհրդանշում է այս տարվա մրցույթի լոգոն` հայկական լեռները: Այն չի զիջի նախորդ տարիների մրցույթների բեմերին: Լուսային էֆեկտները պարզապես կշլացնեն հանդիսատեսին: Համերգին կմասնակցեն 13 երկրից ժամանած մասնակիցներ:
Մրցույթի հատուկ հյուրերն են լինելու «Մանկական Եվրատեսիլ» 2010-ի հաղթող Վլադիմիր Արզումանյանը, «Եվրատեսիլ» 2008-ի մասնակից Սիրուշոն և «Մանկական Եվրատեսիլ» 2006-ում Շվեդիան ներկայացնող Մոլի Սանդեն:

Ինչ վերաբերում է «Մանկական Եվրատեսիլ» 2011-ի մասնակիցներին, ապա նրանք շատ գոհ են Հայաստան կատարած իրենց այցելությունից: Երեխաները արդեն հասցրել են տեսնել մի շարք տեսարժան վայրեր` Կասկադ, Մատենադարան, Ծիծեռնակաբերդ, Էջմիածնի Մայր Տաճար և այլն: Օրինակ, Բելառուսի ներկայացուցիչ Լիդիա Զաբլոտսկայան բավականին տպավորված էր մեր երկրով: Մեզ հետ զրույցում երգչուհին նշեց. «Այստեղ ամեն ինչ շատ գեղեցիկ է և վայրերը տարբեր են: Սա յուրօրինակ մի երկիր է, որը իր պարզությամբ տարբերվում է մյուս երկրներից: Ես մեծ հաճույքով նորից կայցելեմ Հայաստան»:

Հիշեցնենք, որ այս տարվա մրցույթին Հայաստանը կներկայացնի 12 ամյա Դալիթան, ով հանդես կգա 4-րդ համարի ներքո և բոլորին կհրավիրի Հայաստան իր «Welcome to Armenia» երգով: