Գոհար Գասպարյանը բացահայտեց եվրատեսիլյան անակնալներ և քվեարկության կարգի փոփոխությունները
Այս Եվրատեսիլն առանձնանում է զուտ հայկական տարրերով։ Այս մասին Հ1 հեռուստատեսության «Հարցազրույց» հաղորդման շրջանակում նշեց Մանկական Եվրատեսիլ 2011-ի ղեկավար Սիցե Բեքհերը։ Ըստ նրա՝ բացարձակ զուգադիպություն է այն, որ Մանկական Եվրատեսիլն այս տարի անցկացվում է Հայաստանում, իսկ մեծերինը՝ Ադրբեջանում։
Այս անգամ քվեարկությունը տևելու է 15 րոպե։ Եվ երբ փոքրիկ խոսնակները հայտարարեն միավորները, նրանք հայտարարելու են ոչ միայն վերջին երեքը, այլև՝ բոլոր մյուսները։ «8, 10, 12 միավորներից բացի, նրանք կհայտարարեն բոլորը»,- նշեց Մանկական Եվրատեսիլի հայաստանյան պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը։
Հաղթողին տրվող մրցանակը, որի հեղինակը Նուռն է, միայն խորհրդանշական է, սակայն բացի մրցանակից, հաղթողը մեծ ճանաչում կստանա, նրա միջոցով կճանաչվի նաև իր երկիրը։
«Խոսվում է անակնկալների մասին. անկանկալն այն է, որ իսկապես ստեղծել ենք լավ շոու, որը ոչնչով չի զիջում նախորդներին՝ այն հիանալի համակցում է կովկասյանի և եվրոպականի, բացի դրանից կերգեն մեր սիրված երգչուհի Սիրուշոն, մեր հաղթողը՝ Վլադիմիր Արզումանյանը, իսկ մյուսը թող մնա՝ կբացահայտվի վաղը»,- ասաց Գոհար Գասպարյանը։
Եվրատեսիլի գաղափարը, ըստ Բեքհերի, այն է, որ միլիոնավոր մարդիկ տարբեր մշակույթներից նստած վայելում են մեկ շոու. մարդիկ հնարավորություն ունեն միավորվելու մի հիանալի երևույթի շուրջ։
Չափահասների եվրատեսիլում, ըստ Գոհար Գասպարյանի, շատ է եղել, որ երկու տարի անընդմեջ հաղթել է նույն երկրի ներկայացուցիչը, Մանկական Եվրատեսիլում՝ դեռ նման դեպք չի եղել, իսկ Հայաստանը «նման ախորժակ ունի»։










