Տարոն Մարգարյանը հանդիպել է «Մանկական Եվրատեսիլի» պատվիրակության անդամներին

18:39 • 02.12.11

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է դեկտեմբերի 3-ին մայրաքաղաքում անցկացվող 9-րդ «Մանկական Եվրատեսիլե երգի մրցույթի պատվիրակության անդամների հետ:

«Համոզված եմ, որ մրցութային ծրագիրը, որն ամեն տարի հիացնում է տարբեր երկրների քաղաքացիների, այս տարի ևս հաճույք և հիացմունք կպատճառի ամբողջ աշխարհին: Հաջողություններ եմ մաղթում մեր բոլոր տաղանդավոր փոքրիկներին և հուսով եմ, որ Երևանի ջերմությունը կտանեք ձեզ հետ ու անպայման կցանկանաք կրկին այցելել մեր քաղաք»,-քաղաքապետարանի լրատվական ծառայության հաղորդմամբ՝ նշել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

«Հյուրերը ոգևորված և տպավորված են մեր հին, բայց և երիտասարդ քաղաքի գեղեցկությամբ և հյուրընկալությամբ: Շատերն այնքան են սիրել մեր քաղաքը, որ վերադառնալու ցանկություն են հայտնել»,-նշել է «Մանկական Եվրատեսիլ»–ի Հայաստանի պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը:

Հանդիպմանը ներկա էր նաև նախորդ տարի «Մանկական Եվրատեսիլ» երգի մրցույթում մեր երկրին հաղթանակ բերած Վլադիմիր Արզումանյանը: Շնորհակալություն հայտնելով փոքրիկին մեր երկրի պատիվը բարձր պահելու համար՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը մաղթել է նրան նորանոր հաղթանականեր ու նվաճումներ և հանձնել է մայրաքաղաքի զինանշան-խորհրդանիշը: