Երևանի Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանի շենքը նույնպես «կժպտա»

18:48 • 02.12.11

Ռոմանոս Մելիքյանի անվան ուսումնարանում հնչող երաժշտությունն այսուհետ տեսանելի կլինի նաև դրսում: Շենքի ճակատային մասը «Ժպտա Երևան» նախագծի շրջանակներում զարդարվել է Դավիթ Մինասյանի երաժշտություն կերամիկական քանդակներով: Սա նախագծի երկրորդ աշխատանքն է: «Ժպտա Հայաստանի» շրջանակում առաջինը զարդարվել է Մոսկովյան փողոցը, որտեղ Մարտիրոս Սարյանի «Իմ բակը» կտավը ներկայացվել է մոզայիկ գեղանկարչությամբ:

«Այս նախագիծը կարևոր է այնքանով, որ մենք փորձում ենք մեր համաքաղաքացիներից վանել մռայլությունը: Այսուհետ ամեն այս շենքի կողքով անցնող մարդ` լինի երեխա, թե մեծահասակ կժպտա ու փոքր-ինչ այլ կերպ կնայի կյանքին: Սա է մեր հիմնական նպատակը: Մենք չենք փորձում սրանով ինքնահաստատվել կամ ճանաչում ձեռք բերել, այլ զուտ ուզում ենք մի քայլ առաջ գնալ և ցույց տալ բոլորին, որ ամեն ինչ այնքան էլ վատ չէ»,- Тert.am-ի հետ զրույցում ասաց «Երաժշտություն» քանդակի հեղինակ Դավիթ Մինասյանը:

Վերջինիս խոսքերով` սա միայն նախագծի սկիզբն է: Ամենամոտ ապագայում նախատեսվում է զարդարել և համապատասխան տեսքի բերել նաև Երևանի մյուս կարևոր նշանակության շինությունները: «Ժպտա Երևան» նախագծի շուրջ համախմբված արվեստագետներն արդեն քննարկում են բազմաթիվ նախագծեր և սպասում նոր մտահաղացումների ու ավելի հետաքրքիր առաջարկների: Նախագծի հեղինակները նպատակ ունեն ամենամոտ ապագայում Երևանը դարձնել ամենաուրախ ու գեղեցիկ մայրաքաղաքը ամբողջ տարածաշրջանում: Այդ նպատակին հասնելու համար նրանց շատ բան պետք չէ: Բավարար է փոքրիկ օժանդակությունը, իսկ օրիգինալ մտքերի ու դրանք իրականացնելու ցանկության պակաս արվեստագետները չունեն:

«Մենք միայն ողջունում ենք նմանատիպ միջոցառումները և շատ ուրախ ենք, որ մեր քաղաքը գեղեցկացնելու գործին նվիրվել են տարբեր ոլորտի արվեստագետները: Մենք արդեն քննարկում ենք այս նախաձեռնության նոր առաջարկները և շատ մոտիկ ապագայում մեր համաքաղաքացիներին կզարմացնենք նոր անակնկալներով» ,- նշեց քաղաքի գլխավոր դիզայներ Գագա Ամատունին:

«Ժպտա Երևան» նախագիծը բաց է բոլորի համար,– հիշեցնում են կազմակերպիչները,– Երևանի մասին մտածող ու Երևանը սիրող յուրաքանչյուր մարդ կարող է ներկայանալ իր ամենահամարձակ մտահաղացումներով և սեփական ձեռագրով զարդարել մայրաքաղաքը: