Մեծերի եվրատեսիլին մասնակցելու հարցը կորոշվի մանկական եվրատեսիլից հետո. Գոհար Գասպարյան

03:00 • 03.12.11

Մանկական եվրատեսիլից հետո Հանրային հեռուստաընկերությունը կորոշի, Հայաստանը մասնակցություն կունենա Բաքվում կայանալիք Եվրատեսիլին, թե՝ ոչ։ Այս մասին Հ1 հեռուստատեսության «Հարցազրույց» հաղորդման շրջանակում ասաց Եվրատեսիլի հայկական պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը։

Նա նշեց, որ եվրատեսիլ մրցույթի բոլոր իրավունքները պատկանում են Հանրային Հեռուստաընկերությանը, որն էլ կկայացնի որոշում. մեկնե՞լ Բաքու՝ մասնակցելու Եվրատեսիլ 2012-ին, թե՝ոչ։

Հիշեցնենք, որ նախորդող մրցույթում Հայաստանը ներկայացնող Էմմին մրցութային առաջին փուլից դուրս էր մնացել, առաջին հորիզոնականն էր զբաղեցրել Ադրբեջանի մասնակիցը։ Մրցույթի ավարտի անմիջապես հետո սկսվել և մինչ օրս ակտիվորեն քննարկվում է Հայաստանի՝ Բաքվում կայանալիք եվրատեսիլին մասնակցելու հնարավորությունն ու հարմարությունը՝ հատկապես անվտանգության տեսանկյունից։ Մասնակցության դեպքում Հայաստանը ներկայացնելու պատրաստակամություն են հայտնել թե հայաստանյան շոու բիզնեսի ներկայացուցիչներ, թե սփյուռքահայ հայտնի երգիչներ։