«Մանկական Եվրատեսիլ 2011»-ում հաղթեց Վրաստանի «Քենդի» խումբը «Քենդի մյուզիք» երգով (տեսանյութ)

00:32 • 04.12.11

 

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացած «Մանկական Եվրատեսիլ 2011» եվրոպական երգի մրցույթում հաղթեց Վրաստանը, որը ներկայացնում էր 5 հոգուց բաղկացած Քենդի խումբը` «Քենդի մյուզիք» երգով: Վրաստանը առաջին հորիզոնականը գրավեց 108 միավորով, երկրորդ տեղը գրավեց Նիդեռլանդները` 103 միավորով, երրորդ տեղը` Բելառուսը` 98 միավորով: Հայաստանը, որը ներկայացնում էր Դալիթա Ավանեսյանը` «Բարի գալուստ Հայաստան» երգով, գրավեց 5-րդ տեղը:

«Մանկական Եվրատեսիլ» ամենամյա երգի մրցույթին այս տարի մասնակցում էին 13 երկրներ: Առաջին համարի ներքո հանդես եկավ Ռուսաստանի ներկայացուցիչը` Կատյա Րյաբովան` «Ռոմեո և Ջուլիետ» երգով, 2-րդ համարի ներքո`Լատվիայի ներկայացուցիչ Ամանդա Բաշմակովան` «Մունդոգ» երգով, 3-րդ համարի ներքո` Մոլդովայի մասնակից Լերիկան «Նո-նո» երգով, 4-րդ համարի ներքո` Հայաստանի ներկայացուցիչ Դալիթա Ավանեսյանը «Բարի գալուստ Հայաստան» երգով: Ապա հանդես եկան մրցույթի մասնակից մյուս երկրների ներկայացուցիչները` Բուլղարիան ներկայացրեց Իվան Իվանովը` «Սուպեր հերոս» երգով, Լիտվան ներկայացրեց Պաուլինա Սկրաբիտեն` «Ամպեր» երգով, Ուկրաինան` Կրիստալը` «Եվրոպա» երգով, Մակեդոնիան ներկայացրեց Դորիան Դլական` «Ֆրակ» երգով, Նիդեռլանդները` Ռեյչելդը` «Դեռահասը» երգով, Բելառուսը ներկայացրեց Լիդիա Զլաբոդսկայան` «Բարության հրեշտակները» երգով, Շվեդիան` Էրիկ Ռափը` «Faller» երգով, Վրաստանը ներկայացրեց «Քենդի» խումբը` «Քենդի մյուզիք» երգով, իսկ Բելգիան` Ֆենկեն` «Առաջին համբույր» երգով:

Քվեարկության արդյունքներում ուշագրավ էր Հայաստանի տված միավորների բաշխումը: Մեր երկիրը 10 միավոր տվեց Ռուսաստանի, 12 միավոր` Վրաստանի ներկայացուցիչներին: Ինչ վերաբերում է Հայաստանին տրված միավորներին, ապա ամենաբարձր միավորները տվեցին Ուկրաինան և Վրաստանը` 10-ական միավոր, ապա Ռուսաստանն ու Շվեդիան` 8-ական միավոր, 7-ական միավորներ` Մոլդովան և Մակեդոնիան: Ի դեպ, քվեարկությունը սկսվեց մրցույթի ավարտից հետո: Քվեարկությունը 50/50 տոկոս հարաբերակցությամբ` պրոֆեսիոնալ ժյուրիի և հեռուստադիտողների քվերակությամբ: Հայկական ժյուրին գլխավորում էր Արմեն Ամիրյանը:

«Մանկական Եվրատեսիլ 2011» մրցույթն անցկացվեց շքեղ լուսային էֆեկտների ներքո: Հանդիսությունը, որը վարում էին Գոհար Գասպարյանն ու Ավետ Բարսեղյանը, սկսվեց խորհրդանշական գործողությամբ` նավից դուրս եկած աղջիկն ու տղան բեմին մոտեցրին Մասիսն ու Սիսը պատկերող արձանիկը: Հաղորդավարները հիշեցրին, որ 2793 տարեկան մայրաքաղաքում շոուն պատշաճ կազմակերպելու համար Հանրային հեռուստաընկերությունը աշխատել է շվեդական և արտասահմանյան մի շարք ընկերությունների հետ: Բեմի հետնամասը Հայաստանը խորհրդանշող «լեռներ» էին, բեմի առջևի մասում` «Սևանը»:

«Մանկական Եվրատեսիլ 2012»-ը կանցկացվի Նիդեռլանդներում: