«Էլեկտրոնիկի արկածները» ֆիլմի դերասանն ինքնասպան է եղել
«Էլեկտրոնիկի արկածները» խորհրդային հանրահայտ ֆիլմի գերազանցիկ Կորոլկովի դերակատար Մաքսիմ Կալինինն ինքնասպան է եղել: Ինչպես գրում է Life News-ը, 43-ամյա Կալինինի դին հայտնաբերվել է դեկտեմբերի 1-ին, Մոսկվայի Ստրոգինսկի քաղաքային այգու մերձակայքում գտնվող բնակելի տների մոտ: Նա ցած է նետվել իր բնակարանի 5-րդ հարկից`թողնելով երկտող, որտեղ խնդրել է իր մահվան մեջ չմեղադրել ոչ ոքի:
Ինքնասպանության պահին տղամարդը տանը միայնակ է եղել, նրա կինն ու 8-ամյա որդին այդ ժամանակ գտնվել են Պորտուգալիայում` իրենց սեփական տանը: Ինչպես պատմել է դերասանի այրին, դեպքից ժամեր առաջ նրանք խոսել են հեռախոսով, և նա ամուսնու ձայնի մեջ ոչ մի տարօրինակ բան չի նկատել: Կալինինն ասել է կնոջը, որ մոտ օրերին նա նույնպես կմեկնի Պորտուգալիա:
Կալինինի ընկերներն ու ծանոթները չեն կարողանում բացատրել, թե ինչը կարող էր նրան դրդել նման քայլի: «Նա աշխատում էր ֆոնդային բորսայում և համարվում էր լավագույն մասնագետներից մեկը: Մաքսիմը շփվող, խելացի, ուրախ մարդ էր»,- ասել է Էլեկտրոնիկի դերակատար Վլադիմիր Տորսուևը:
Комсомольская правда թերթը ենթադրում է, որ նրան նման քայլի է դրդել աշխատանքը կորցնելու վախը:
Դերասանի հուղարկավորության արարողությունը կկատարվի այսօր, Մոսկվայի Միտինսկի գերեզմանատանը:











