«Ոսկե ծիրան»-ի անցած ճանապարհը, «ստվերն» ու լույսը համահիմնադիրի աչքերով
Tert.am-ի հետ զրույցում «Ոսկե ծիրան» երևանյան միջազգային կինոփառատոնի գեղարվեստական ղեկավար Սուսաննա Հարությունյանը ներկայացրեց որոշ «ստվերային» կողմեր, թե ինչպես համաշխարհային մեծության որոշ աստղեր աստղաբաշխական գումարներ են պահանջում երևանյան կարմիր գորգին ներկա լինելու համար, և սկզբունքորեն մերժվում: Խոսելով Հայաստան-Թուրքիա կինոպլատֆորմի մասին՝ Սուսաննա Հարությունյանը նկատեց, որ այս պլատֆորմի խնդիրը Թուրքիայում առկա չպատմված պատմություններ են: Խնդիրները, որոնք առնչվում են բոլոր կնճռոտ հարցերին՝ Ցեղասպանության, պատմական, քաղաքական ու պլատֆորմի նպատակն է ջրի երես հանել այդ բոլոր թաքնված խնդիրները՝ թուրք կինոգործիչների միջոցով և նրանց աչքերով, բայց հայանպաստ: Որպես օրինակ բերվեց Ստամբուլի կինոփառատոնում մրցանակների արժանացած, «Դիար» վավերագրական ֆիլմը, որը պատմում է ազգությամբ քուրդ ռեժիսորի հայ պապիկի՝ «գյավուրի» մասին:
- Տիկի՛ն Հարությունյան, արդյո՞ք այս տարիների ընթացքում փառատոնը արդարացրեց իրեն ու կինոաշխարհի հայտնի դեմքերն ու ռեժիսորները սովորեցին Երևանի՝ «Ոսկե ծիրանի» տեղը։
- Իհարկե, երբ 11 տարի առաջ գաղափարը հղացավ ու հիմնեցինք փառատոնը, այն մեծ ռիսկ էր մի երկրի համար, որը բավական շատ պրոբլեմներ ունի՝ սոցիալական, քաղաքական, երկրում, որի կինոարտադրությունը գրեթե զրոյական է։ Նման երկրում հիմնադրել փառատոն և ունենալ միջազգային փառատոնի հավակնություն, որը Հայաստանի անունը կդնի կինոաշխարհի ու կինոփառատոնային քարտեզի վրա, բավականին բարդ էր գնահատվում:
Սակայն մենք հավատում էինք, որ «Ոսկե ծիրանը» մի ֆորմատ է, որով իսկապես կարելի է խթանել և՛ մշակութային զարգացումները, և՛ ազգային կինոարտադրությունը։ Կյանքն ապացուցեց, որ դրանք անհիմն ամբիցիաներ չէին, որովհետև համաշխարհային փորձը վկայում է, որ կինոփառատոնները այդպիսի հնարավորություն ընձեռում են: Մենք զերծ չէինք այդ համաշխարհային փորձից և ես, Հարություն Խաչատրյանը՝ որպես ճանաչված կինոքննադատ և ռեժիսոր, ինչպես նաև Միքայել Ստամբուլցյանը, երեքով հիմնադրեցինք՝ իմանալով, թե դա ինչպես է դա աշխատում դրսում։ Այնպես որ, մեր սպասելիքները բավականին մեծ էին փառատոնից ու դրանք սպասածից ավելի արդարացվեցին։
-Այս տարիների ընթացքում շա՞տ խնդիրներ լուծեց փառատոնը։
-Առաջին խնդիրը հանդիսատեսի խնդիրն էր։ Այն մշակույթը, որ ունեինք 1980-ականների վերջին՝ կինո հաճախել, ընտանիքներով հաճախել և կինոն մեր մշակութային կյանքի մի մասն էր, 90-ականներին վերացավ։
Մենք փորձեցինք վերականգնել այդ մշակույթը, և այսօր փաստ է, որ «Ոսկե ծիրանի» փառատոնային մեկ շաբաթը սպասված է և՛ երևանցիների համար, և՛ մեր հյուրերի համար։ Մենք բազմաթիվ նամակներ ենք ստանում արտերկրից, հենց տարվա սկզբից հարցնում են, թե որ օրերին է փառատոնը, որ արձակուրդը պլանավորեն ու գան։ Բայց ոչ միայն լավ ֆիլմեր նայելու համար, այլ նաև հյուրերի հետ հանդիպելու ու շփվելու համար։
-Կարելի՞ է ասել, որ «Ոսկե ծիրան» փառատոնը մշակութային մի փոքրիկ օազիս է անապատացման պայմաններում։
-Ուրիշ ոլորտներում էլ կան նման օազիսներ, չեմ ուզում թերագնահատել գործընկերներիս աշխատանքը, որովհետև ունենք թատերական ու երաժշտական փառատոններ, մշակույթը մեծ պոտենցիալ ունի այստեղ: Պարզապես կինո՛յի հարցում էին շատերը թերահավատ, բայց, կրկնում եմ մեր գործունեությունը ապացուցեց, որ Հայաստանը փառատոնի միջոցով ներկայանում է դրսում, մեծագույն վարպետները ճանաչում են Հայաստանը ու գալիս են այստեղ։
Այն, որ այս տարի ստացել ենք 1500-ից ավելի հայտ 94 երկրներից, փաստում է, որ 94 երկրներում պրոդյուսերներն ու ռեժիսորները գիտեն ոչ միայն «Ոսկե ծիրանի» անունը, այլ նաև Երևանի ու Հայաստանի տեղը, իրենք չեն զլանում իրենց DVD-ին փաթեթավորել ու ուղարկել Հայաստան՝ երաշխիք չունենալով, որ ֆիլմը կցուցադրվի։
- Այս տարիներին համաշխարհային կինոաշխարհի ի՞նչ հայտնի դեմքեր են եկել որպես ժյուրի և նաև փառատոնի մասնակից:
- Մարկո Բելոկիո, Վիմ Վենդերս, Աբբաս Քյարոստամի, Տոնինո Գուերա, Կլաուդիա Կարդինելե, Ֆաննի Արդան, Բրունո Դյումոն, Ագնեշկա Հոլանդ, Ալեքսանդր Սոկուրով, Շարլ Ազնավուր, Իշտվան Շշաբո, Մարգարեթ վոն Տրոտտա, Լի չահնգ Դոնգ, Բելլա Տարր և այլք:
-Այս տարի ի՞նչ հայտնի դեմքեր են ընդգրկված ժյուրիի կազմում։
-Մենք դեռևս չենք ասում, բայց հայտնի դեմքեր կան, գիտեք, որ ամեն տարի էլ մենք տարբեր անակնկալներ ենք անում, ամեն տարի ունենում ենք ռետրոսպեկտիվ ցուցադրություններ, շատ մեծ ընտրանի լավագույն ժամանակակից կինոգործիչների։ Մեր փառատոնի առանձնահատկությունը այն է, որ սևեռված ենք ռեժիսորների վրա, ոչ թե դերասանների՝ աստղային դեմքերի վրա։ Խնդիրը նրանում է, որ աստղային դեմքերը նաև ֆինանսական պահանջներ են դնում։
- Դուք վճարո՞ւմ եք նրանց։
-Մենք չենք վճարում երբեք, դա է մեր առանձնահատկությունը։ Լինելով ֆինանսներով բավականին սահմանափակ փառատոն, առաջին հերթին սկզբունք է չվճարելը, որովհետև շատ փառատոններ են մի հատ բացմանը կամ փակմանը մի աստղի ներկայության համար կարող են վճարել 50 կամ 100 հազ. եվրո։ Թեև, իհարկե, սա նորմալ է, քանի որ սա բիզնեսի ձև է, ինքս եմ նման բանակցությունների մեջ եղել, երբ որ աստղերի ենք ցանկացել հրավիրել, ինչպիսին է օրինակ՝ Ադրիան Բրոուլին, և երբ որ ծանոթացել են պայմաններին, շատ հանգիստ անմիջապես պատասխանում են, որ «Օքեյ», բայց մեր մեկանգամյա ներկայությունը կարմիր գորգին այդքան արժե: Դրանով հրավերն ավարտվում է, որովհետև մեր համար սա սկզբունք է:
-Ո՞ր աստղերն են, որ գումարի պատճառով մերժել են ներկա լինել «Ոսկե ծիրանին»։
– Անուններ չտամ։ Ես գիտեմ, որ նույն Մոսկվայի փառատոնը Ռոբերտ դե Նիրոյին տարիներ առաջ 150 հազ. դոլար է վճարել միայն մի հատ Միխալկովի հետ երևալու համար։ Մեր դեպքում նման աստղերը պետք էլ չէ, որ գան, որովհետև մենք այդ 150 հազ. դոլարով մի ամբողջ փառատոն ենք անում և մեր նպատակը ոչ թե, որ երևանք տեսախցիկների առաջ Ռոբերտ դե Նիրոյի հետ, այլ բերենք Հայաստան լավագույն ֆիլմեր, եվրոպական կինոմշակույթը, որի մի մասն է նաև հայկական կինոմշակույթը, հող նախապատրաստել նոր հանդիսատես մեծացնելու համար։ Սա նպաստում է նաև տեղական հայկական կինոյի զարգացմանը, որովհետև փառատոնը ոչ միայն նորագույն ֆիլմերի ու լավագույն ֆիլմերի ցուցադրություն է, այլ նաև ունի մի կարևոր բաղադրիչ, որ պետք է նպաստի կինոարտադրությանը՝ և՛ տեղական, և՛ ռեգիոնալ և դրա համար է, որ մեր փառատոնն արդեն 8-րդ տարին, բացի կինոկացուցադրումներից, իրականացնում է նաև «Ռեժիսորներ առանց սահմանի» շատ կարևոր ծրագիր: Ձևաչափն այնպես է, որ դա ռեգիոնալ՝ Հայաստան-Թուրքիա համատեղ կինոարտադրության ֆորում է. մեզ ռեգիոնի ռեժիսորները դիմում են կինոպրոյեկտներով: Նախապես մենք հայտարարում ենք հայտերի ընդունում: Այդ նախագծերից լավագույնները ընտրվում են, այդ թվում՝ հայկական նախագծեր, վրացական, այստեղ են հրավիրվում եվրոպական ֆոնդերի պրոդյուսերներ, այն մարդիկ, ովքեր կինոարտադրության մեջ փող են ներդնում: Եվ այստեղ լինում է նրանց ֆորումը, հանդիպումներն ու այդ պրոյեկտների պաշտպանությունը: Սրանից հետո արդեն ստացվում են զարգացման գրանտները:
-Այս ծրագրի շրջանակներում ի՞նչ ֆիլմեր են նկարահանվել:
- Այս ութ տարվա ընթացքում այստեղ դրամաշնորհ ստացած պրոյեկտները բավականին հաջող են, արդեն դարձել են ֆիլմ, ներկայացվել տարբեր կինոմրցույթների ու փառատոնների: Օրինակ՝ այդ ծրագրի շրջանակներում գրանտ ստացած Մարիա Սահակյանի անցած տարվա «Այդ ես չեմ» ֆիլմը ստացել է «Ոսկե ծիրան» -ի գլխավոր մրցանակը «Հայկական պանորամայում»: Կամ «Պլեմյա» կոչվող ուկրաինական ֆիլմը, որն այս տարի Կաննում է ստացել 3 մրցանակ, այն 2012–ին ստացել էր «Ռեժիսորներ առանց սահմանների» ռեգիոնալ գրանտը: Ու այն այս տարի լինելու է մեր մրցույթում:
-Այս ծրագրերը, երևի, լուրջ խթան են մեր ռեժիսորների համար:
- Այո՛, թեև մենք ունենք կինոկենտրոն, որը տարեց տարի զարգանում է, բայց, այնուամենայնիվ, կինոարտադրության համար շատ քիչ փողեր կան: Բայց մշակված ձևեր կան, ոչ միայն Հայաստանում, ամբողջ աշխարհում փող չկա կինոարտադրության համար: Դրա համար մշակվում են ինչ-որ ֆորմատներ, օրինակ՝ համատեղ կինոարտադրություն, որը կինոբիզնեսի կարևորագույն խնդիրն է: Դա այն բանաձևն է, որը գործադրելով եվրոպական կինոն, կարողանում է գոյատևել տարիներ շարունակ ու կարողանում է մրցակցել հոլիվուդյան մոդելի հետ: Դա եվրոպական համաարտադրության մոդելն է, որը ստեղծվել է հենց Եվրոպայում, որը փորձում ենք կիրառել այստեղ՝ Հայաստանում:
-Դուք ձեռնպահ եք մնում ասել, թե ինչ ռեժիսորներն են ներկայացված լինելու, գոնե հայկական ֆիլմերը կնշե՞ք:
-Ես այդ մասի պատասխանատուն չեմ, այլ՝ Րաֆֆի Մովսիսյանը, բայց ես գիտեմ, որ Հայաստանից տարեց տարի ավելացող ֆիլմերի թիվը ևս խոսում է նրա մասին, որ աշխուժանում է այդ դաշտը: Ես գիտեմ, որ այս տարի առնվազն ունենալու ենք 6-7 լիամետրաժ հայկական ֆիլմ, ու դրանք ընտրված են: Այնպես չէ, որ ինչ ներկայացրել ենք, դա էլ գնում է «Հայկական պանորամայի» մեջ, մենք ընտրել ենք լավագույնները: Օրինակ՝ բերեմ Արամ Շահբազյանի «Մոսկվիչ, իմ սե՛ր» ֆիլմը, որը ներկայացվելու է «Հայկական պանորամայում», այն եղել է նաև «Ռեժիսորներ առանց սահմաններ» մրցույթում: Ինձ համար շատ հետաքրքիր մեկ այլ ֆիլմ՝ Արեգ Ազատյանի «Ռոմանտիկները», որի պրեմիերան վերջերս կայացավ:Սա հայկական կինոյում շատ հետաքրքիր նոր տեսակ է և հետաքրքիր երանգ է բերելու: Ես հաստատ գիտեմ, որ մրցույթում լինելու է Աննա Մելիքյանի «Աստղ» ֆիլմը, մեր Սուրեն Բաբայանի ֆիլմը:
-Իսկ Հայաստան-Թուրքիա այդ համագործակցության ձևաչափն այս ընթացքում ինչ է տվել:
- «Հայաստան-Թուրքիա» կինոպլատֆորմը, որը մասն է այս մեծ ծրագրի, ուղղված է միմիայն հայ և թուրք երիտասարդ կինոգործիչների համագործակցությանը: Եվ այս ծրագրի շրջանակներում արդեն նկարահանվել է 15 ֆիլմ: Ամեն տարի ներկայացնում ենք այդ ֆիլմերը մեր փառատոնի շրջանակներում ու ունենք շատ փայլուն օրինակներ, օրինակ՝ անցյալ տարվա Լուսին Դինքի «Սարոյանի երկիրը» ֆիլմը, որը հայ-թուրքական պլատֆորմի երեխան է: Այս տարի մենք ներկայացնելու ենք ևս երկու ֆիլմ այս պլատֆորմի շրջանակներում նկարահանած: Ասեմ, որ այս պլատֆորմի խնդիրը Թուրքիայում առկա չպատմված պատմություններ են, խնդիրները, որոնք առնչվում են բոլոր կնճռոտ հարցերին՝ Ցեղասպանության, պատմական, քաղաքական: Այդ պլատֆորմի նպատակն է ջրի երես հանել այդ բոլոր թաքնված խնդիրները՝ թուրք կինոգործիչների միջոցով և նրանց աչքերով, բայց հայանպաստ: Որպես օրինակ բերեմ ֆիլմը, որն այս տարի կցուցադրվի այստեղ, որի պրեմիերան կայացել է Ստամբուլի կինոփառատոնում, վավերագրական ֆիլմ, որը կոչվում է «Դիար»: Ֆիլմի ռեժիսորն է Դևրիմ Աքքայան, ով ազգությամբ քուրդ է, որը պատմում է իր հայ պապիկի պատմությունը: Եվ այդ պատմությունն էլ իր համար էլ, որ արդեն երրորդ սերունդն է, շատ կարևոր է ու իրենց ընտանիքի գաղտնիքն է, որն իրենք փորձել են կոծկել, բայց այդ երրորդ սերունդն այն արդեն վերհանում է:
-Ի՞նչ գաղտնիք:
-Նրա պապը հայ է եղել, երեխա, որը փրկվել է Ցեղասպանությունից ու իրեն դաստիարակել է քուրդ ընտանիքը: Ինքը հետո իր ընտանիքն է ստեղծել, բայց միշտ իր զավակները, իր թոռները լսել են,որ ինքը ոնց որ «գյավուր է»: Ու հիմա ռեժիսորը փորձում է գնալ դեպի արմատները, հասկանալ՝ ինչ է նշանակում՝ գյավուրի երեխա լինել և ո՞վ էր այդ մարդը և ինչի համար կարող է հպարտանալ իր հայ պապիկով: Սրանք կարևոր թեմաներ են ողջ թուրք հասարակության համար ու հազարավոր էդպես պատմություններ կան, որ գալիս են հայ-թուրքական պլատֆորմում պատմվում են, քննարկվում են, եփվում են ու դառնում են ֆիլմեր:
-Իսկ Ադրբեջանից «Ոսկե ծիրանում» այս տարի լինելու՞ են ֆիլմեր:
-Ո՛չ, բայց անցյալ տարի կար,և նախորդ տարիներին էլ՝ Գերմանիա-Ադրբեջան համատեղ արտադրության, որոնք կամ ներկայացրել են կամ գերմանական պրոդյուսերները , կամ մենք ցուցադրել ենք՝ առանց իրենց գալու: Իրենք չեն գալիս՝, երևի, լուրջ խնդիրներ ունեն իրենց քաղաքական իրավիճակի հետ կապված ու դրա համար էլ միշտ մերժում են: Ի տարբերություն, թուրք ռեժիսորները շատ–շատ են գալիս: Նրանք թուրքական հասարակության այն խավն են, որ շատ բաց են և բաց են նաև այդ երկխոսությանը ու շատ–շատ հարցեր քննարկելուն: Ու նրանց երևի թե 90 տոկոսը, որ գալիս է ստեղ, այցելում է Հայոց ցեղասպանության հուշակոթող և թանգարան՝ իրենց ցանկությամբ:










