Ջեկի Չանի դուստրը հրաժարվել է հորից
Հայտնի դերասան, ռեժիսոր և պրոդյուսեր Ջեկի Չանի դուստրը հայտարարել է, որ նրան չի համարում իր իսկական հայրը։ 15-ամյա Էտտա Ու Չժոլինը նշել է, որ նրա հանդեպ երբեք ջերմ զգացմունքներ չի ունեցել, փոխանցում է ДНИ.ru-ն։
«Այո, նա իմ կենսաբանական հայրն է, սակայն ոչ ավելին։ Նա չկա, չի եղել և չի լինի իմ կյանքում։ Ջեկի Չանն ինձ համար պարզապես դերասան է, ինչպես շատ շատերի համար»,- հայտարարել է դպրոցականը։
Էտտա Ու Չժոլինի մոր հետ դերասանի սիրավեպը եղել է 1998-ին։ Այդ ժամանակ երիտասարդ Էլեյն Ու Ցիլին հաղթել է Հոնկոնգի գեղեցկության մրցույթներից մեկում։ Մոդելի և Չանի կապը երկարատև չի եղել։
Դերասանը չի ուրախացել մոդելի հղիության մասին իմանալուց հետո։ Բաժանումից հետո Չանը, եթե նույնիսկ պատմել է այդ սիրավեպի մասին, ապա անվանել է այն որպես «մեծ սխալ»։ Իսկ դստերը նա այդպես էլ պաշտոնապես չի ընդունել։










