Վլադիմիր Գասպարյանի հանձնարարությամբ բռնության մասին բոլոր հաղորդումներն ուսումնասիրվում են․Աշոտ Ահարոնյան

13:22 • 18.07.16

Երևանի տարբեր հատվածներից երեկվա ընթացքում բերման ենթարկված բոլոր քաղաքացիներն ազատ են արձակվել, իսկ բռնության մասին ահազանգերի վերաբերյալ հաղորդումները ուսումնասիրվում են, Tert.am–ի հետ զրույցում ասաց Ոստիկանության հասարակայնության և լրատվության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:

Նրա խոսքով՝ բոլոր քաղաքացիները ոստիկանություն բերվել են իրավական կոնկրետ հիմքերով։ «Իսկ ինչ վերաբերում է բռնություններին, կարծում եմ՝ վերջին տարիներին, բոլորն էլ համոզվել են, որ Ոստիկանությունը վաղուց հրաժարվել է նման գործելաոճից, Ոստիկանության աշխատանքը բոլորի համար տեսանելի է»,– ասաց նա։

«Շատ լավ ճանաչում ենք այն անձանց, ովքեր պարբերաբար այդ բովանդակությամբ հայտարարություններ են անում իրենց հանդեպ կիրառված իբր բռնությունների մասին, բայց, այնուամենայնիվ, ուզում եմ նշել նաև, որ մեր որդեգրած քաղաքականությանը հավատարիմ ոչ մի հայտարարություն և հրապարակում անարձագանք չի մնում: Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հանձնարարությամբ բռնության մասին բոլոր այդ հաղորդումները ուսումնասիրվում են»,-ասաց նա։

Հիշեցնենք, որ երեկ Երևանում բերման ենթարկված քաղաքացիները ահազանգել էին, թե բերման ենթարկվելու ժամանակ իրենց նկատմամբ բռնություն է կիրառվել։ Նշենք նաև, ըստ Մարդու իրավունքների գրասենյակի տարածած հաղորդագրության այսօր՝ ժամը 02։00-ի դրությամբ, ոստիկանություն բերման ենթարկվածներից ազատ է արձակվել շուրջ 50 քաղաքացի։

 

 

 

 

Վլադիմիր Գասպարյանի հանձնարարությամբ բռնության մասին բոլոր հաղորդումներն ուսումնասիրվում են․Աշոտ Ահարոնյան