Պաստառի պատճառով ԲՀԿ թեկնածու Վարդևան Գրիգորյանի որդու ինքնասպանության վարկածն աբսուրդ է. «Գյումրեցու ոգի» կուսակցության նախագահ

19:40 • 20.09.16

«Գյումրեցու ոգի» կուսակցության վարչության նախագահ Սահակ Սարադյանը Tert.am-ի հետ զրույցում «աբսուրդ է» որակում այն վարկածը, թե ինքնասպանության հետ առնչություն ունի իրենց կողմից Գյումրիում գովազդային վահանակի վրա տեղադրված պաստառը, որի վրա զառեր են պատկերված, և գրված է՝ «Հաջողության բանաձևը»:    

Սահակ Սարադյանը հաստատեց, որ պաստառն իրենց կուսակցությունն է կախել, իրենք էլ հանել են: «Որովհետև քարոզարշավ չենք անում, մարդկանց վիշտը հարգում ենք, սպասում ենք քննության արդյունքներին: Ինչ վերաբերում է պաստառի պատճառով ինքնասպանության վարկածին, կարծում եմ, որ դա ամենաաբսուրդ տարբերակն է»,-ասաց նա:

Նշենք, որ ըստ որոշ լրատվամիջոցների հրապարակումների և Գյումրիում տարածված խոսակցությունների՝ ԲՀԿ թեկնածու Վարդևան Գրիգորյանի որդու ինքնասպանության պատճառը եղել է զառերով պատկերված և «հաջողության բանաձևը» գրությամբ նախընտրական պաստառը: Նրանց պնդմամբ՝ ԲՀԿ-ի շտաբի դիմաց տեղադրված պաստառը նախազգուշացում է եղել Վարդևան Գրիգորյանին և նրա ընտանիքին, որն, ըստ քաղաքում տարածված լուրերի, հակվածություն ունի շահումով խաղերի նկատմամբ:

Թե ինչ նախընտրական նշանակություն ունի նման պաստառը, Սահակ Սարադյանը հրաժարվեց բացատրել: «Ես ասացի այնքանը, որքանն անհրաժեշտ էր հասկանալու համար: Մենք չենք ուզում վշտի վրա ինչ-որ քաղաքական գործընթացներ անենք, ընդհանրապես դադարեցրել ենք քարոզարշավը: Պաստառի գովազդի նշանակությունը չեմ կարող պարզաբանել, քաղաքական մեկնաբանություն տալ՝ նշանակում է նորից մտնել քարոզարշավի մեջ, ինչն այս պարագայում անբարոյականություն կլինի»,-ասաց նա և նշեց, թե իրենք իրար մինչ այդ քննադատել են քարոզարշավի շրջանակներում՝ մատնանշելով թերությունները և ոչ ավելին:

Լրատվամիջոցների հրապարկումները, թե երեկ երեկոյան Արշակ Գրիգորյանը գնացել է, որպեսզի պոկի պաստառը, և այստեղ նրան են մոտեցել մի քանի հոգի և բախում է տեղի ունեցել, Սահակ Սարադյանը բացառեց: «Բացառվում է, երբ վիշտը որոշ չափով մեղմացած լինի, իրենցից կարող եք ճշտել: Ես պաշտոնապես հայտարարում եմ, որ ինձ որևէ մարդ չի մոտեցել, չէր էլ կարող մոտենալ, որովհետև ես քաղաքական մարդ եմ, ես ոչ փողոցային ռազբորկա անող եմ, ոչ թույլ եմ տալիս, որ անեն, ոչ էլ կարող եմ անել, ես հասարակական-քաղաքական գործիչ եմ»,-ասաց նա:

Իսկ թե այդ դեպքում ինչու են իրենց կուսակցությունը կապում այս ողբերգության հետ, պատասխանեց. «Կան մարդիկ, ովքեր իրենց ձեռքերն են տաքացնում այս դժբախտության վրա, դա անբարոյականություն է: Սպասեք երկու-երեք օր, թող երեխային հուղարկավորեն, կհարցնենք, մենք իրենց հետ ռազբորկա ունեցե՞լ ենք, թե՞ ոչ: Երեխայի մահը չի կարելի քաղաքականացնել, դա անբարոյականություն է: Ես քաղաքում եմ, ես թաքնվելու մտածելու բան չունեմ»,-ասաց նա:

Նա նշեց, որ ոչ մի քննչական մարմին իրեն հարցաքննության չի կանչել: «Մենք ինչ արել ենք, արել ենք մաքուր, ակնհայտ»:

Հիշեցնենք, որ այսօր Գյումրու քաղաքապետի ԲՀԿ-ի թեկնածու Վարդևան Գրիգորյանի տան նկուղից հայտնաբերվել է Գրիգորյանի կրտսեր որդու դին: Նախնական վարկածով՝ նա ինքնասպանություն է գործել: