Ազգերի լիգայի խաղարկության C լիգայի 2-րդ խմբի երրորդ տուրում Հայաստանի հավաքականը պարտվեց Կիպրոսի ընտրանուն
Հոկտեմբերի 2-ին Ազգերի լիգայի խաղարկության C լիգայի 2-րդ խմբի երրորդ տուրում Հայաստանի ազգային հավաքականը մրցակցի հարկի տակ՝ Նիկոսիայի GSP մարզադաշտում հյուրընկալվեց Կիպրոսի ընտրանուն։
Հանդիպման նախավարժանքի ժամանակ վնասվածք էր ստացել Արթուր Ղարիբյանը․ նրան մեկնարկային կազմում փոխարինել էր Արթուր Միրանյանը։ Առաջին խաղակեսից հետո տանտերերը ստացել էին երկու գնդակի առավելություն։ Նախ, 19-րդ րոպեին, հանդիպման հաշիվը բացեց Լեոնիդաս Կոնոմիսը, իսկ 31-րդ րոպեին կղզիաբնակների առավելությունը մեծացրեց Անդրոնիկոս Կակուլիսը։ Նշենք նաև, որ առաջին կեսում դեղին քարտ ստացավ Էդգար Սևիկյանը և նա բաց կթողնի առաջիկա հանդիպումը Չեռնոգորիայի հետ։ Խաղակեսի վերջին հատվածում մեր թիմը պաշարել էր մրցակցի դարպասը, մի քանի անգամ հնարավություն ունեինք կրճատելու հաշիվը, սակայն գնդակն այդպես էլ չհատեց դարպասի գիծը․․․ Հանդիպման 52-րդ րոպեին տանտերերը մնացին 10 հոգով՝ Պիլեասի հեռացումից հետո։ Երկրորդ խաղակեսում լուսատախտակին այդպես էլ փոփոխություններ չգրանցվեցին․ Հայաստանի հավաքականը պարտվեց երկրորդ հանդիպումն անընդմեջ։
Զուգահեռաբար կայացավ նաև խմբի մյուս՝ Լատվիա-Չեռնոգորիա հանդիպումը, որն ավարտվեց 1-2 հաշվով։
Այս խաղից հետո մեր թիմը 3 միավորով երրորդն է 2-րդ խմբի մրցաշարային աղյուսակում։ Կիպրոսի հավաքականը 4 միավոր ունի և երկրորդն է, իսկ առաջատարը Չեռնոգորիայի ընտրանին է՝ 100 տոկոսանոց արդյունքով (երեք խաղ, երեք հաղթանակ)։
Հոկտեմբերի 5-ին Հայաստանի հավաքականն արտագնա հանդիպում կանցկացնի Չեռնոգորիայի հետ։














