Հանդիպումներ են անցկացվել քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ․ առաջիկայում կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ՝ քաղաքական ուժերի ներկայացուցիչների մասնակցությամբ․ Նժդեհ Իսկանդարյան

18:05 • 24.10.26

Ամփոփվել են Հայաստանի քաղաքական ուժերի հետ Արցախի իշխանությունների նախաձեռնած խորհրդակցությունները։  Այս մասին գրել է  Արցախի պետնախարար Նժդեհ Իսկանդարյանը:

«Հանդիպումներ են անցկացվել բոլոր այն քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ, որոնք արձագանքել են խորհրդակցություններին մասնակցելու՝ Արցախի իշխանությունների հրավերին։

Մասնավորապես, առանձին հանդիպումներ են տեղի ունեցել «Ուժեղ Հայաստան» կուսակցության, «Հայաստան» խորհրդարանական խմբակցության և Հայ Յեղափոխական Դաշնակցության, Հայաստանի Հանրապետական կուսակցության, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության, ինչպես նաև «Հայաքվե» ազգային քաղաքացիական միավորման ներկայացուցիչների հետ։

Խորհրդակցությունների ընթացքում ընդգծվել է Արցախի պետական ինստիտուտների պահպանման և դրանց գործունեության շարունակականության ապահովման կարևորությունը: Անդրադարձ է կատարվել Մայր Հայաստանում արցախահայերի արժանապատիվ կյանքի ապահովման, միջազգայնորեն ճանաչված վերադարձի իրավունքի, Բաքվում ապօրինաբար պահվող ռազմագերիների, նյութական և ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանման վերաբերյալ հարցերին:

Մասնակից քաղաքական ուժերը վերահաստատել են իրենց պատրաստակամությունը՝ աջակցելու Արցախի ժողովրդի իրավունքների և շահերի պաշտպանությանը, ինչպես նաև Արցախի պետական ինստիտուտների պահպանմանն ու արդյունավետ գործունեությանը։

Ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն՝ առաջիկայում կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ՝ վերոնշյալ բոլոր քաղաքական ուժերի ներկայացուցիչների մասնակցությամբ։ Հարթակի նպատակն է համախմբված ջանքերով նպաստել արցախահայերի իրավունքների և շահերի պաշտպանությանը»,-նշել է նա։