Ուկրաինայում Starlink-ը սկսել է աշխատել 161 կմ/ժ-ից բարձր արագության վրա

11:24 • 24.10.26

Starlink արբանյակային կապի համակարգը Ուկրաինայում աշխատում է 161 կմ/ժ-ից բարձր արագության վրա: Այս մասին հայտնել է ՌԲԿ-Ուկրաինա գործակալությունը՝ հղում անելով Ուկրաինայի պաշտպանության նախարարության աղբյուրին:

Ինչպես հաղորդում է գործակալությունը, հոկտեմբերի 24-ի առավոտվա դրությամբ Ուկրաինայում արձանագրում են, որ Starlink/Starshield-ն սկսել է աշխատել ավելի քան 161 կմ/ժ արագության վրա:

«Շարունակում ենք մոնիթորինգ անցկացնել և ստուգումներ իրականացնել ավելի բարձր արագությունների վրա, որոշել վերին սահմանաչափերը և պարզել, թե իրականում որքանով է վերականգնվել այդ կապի աշխատանքը»,- հավելել է աղբյուրը:

Հիշեցնենք, որ անցյալ շաբաթ Կիևում հայտարարեցին, որ SpaceX ընկերությունը Ուկրաինայի զինված ուժերի համար սահմանափակումներ է մտցրել Starlink տերմինալների աշխատանքում 160 կմ/ժ-ից բարձր արագության համար, ինչի պատճառով ձախողվել են ուկրաինացի զինվորականների մի շարք գործողություններ:

Իր հերթին SpaceX-ի հիմնադիր Իլոն Մասկը հայտարարում էր, որ Starlink արբանյակային համակարգը չի կիրառվում հարձակողական մարտական գործողությունների վարման համար, այն օգտագործում են միայն պաշտպանության և քաղաքացիական նպատակներով, Starshield համակարգերը գտնվում են ԱՄՆ կառավարության սեփականության և վերահսկողության ներքո, և արագության կամ օգտագործման ցանկացած սահմանափակում սահմանվում է ԱՄՆ ԶՈւ-ի և ի վերջո երկրի նախագահի կողմից:

Հոկտեմբերի 22-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ ռազմական նշանակության Starshield արբանյակային կապին Ուկրաինայի հասանելիությունը վերականգնված է: Ընդ որում, նա չպատասխանեց այն հարցին, թե կոնկրետ ով է տվել համապատասխան կարգադրությունը: