Կիմ Չեն Ընը խնդիր է դրել ԿԺԴՀ-ում ստեղծել աշխարհում ամենաnւժեղ ԶՈւ-ն

09:36 • 24.10.26

ԿԺԴՀ նախագահ Կիմ Չեն Ընը երկրում աշխարհում ամենաուժեղ զինված ուժերի ստեղծումն անվանել է առաջնահերթ խնդիրներից մեկը: Այս մասին հայտնել է Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությունը Կորեական ժողովրդական բանակի (ԿԺԲ) վաշտերի հրամանատարների III խորհրդակցության արդյունքներով, հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Կուսակցության Կենտրոնական կոմիտեն աշխարհում ամենաուժեղ զինված ուժերի ստեղծման խնդիրը դրել է որպես առաջնահերթ և իրատեսական նպատակներից մեկը, որոնք անհրաժեշտ է իրագործել նոր պլանային ժամանակահատվածում»,- գործակալությունը մեջբերում է Կիմ Չեն Ընի խոսքերը: 

ԿԺԴՀ առաջնորդն ընդգծել է, որ վաշտերը Կորեական ժողովրդական բանակի ամրապնդման հիմնական օղակն են, իսկ դրանց մարտունակության բարձրացումը թույլ կտա սեղմ ժամկետներում որակապես ձևափոխել երկրի զինված ուժերը: Նա խնդիր է դրել բոլոր վաշտերը վերածել էլիտար մարտական ստորաբաժանումների, որոնք ունակ են ինքնուրույն կատարել տարբեր մարտական առաջադրանքներ:

«Ստեղծել ամենաուժեղ բանակը ամենաուժեղ վաշտերի պատրաստման միջոցով և արագացնել մեր օրինակի ռազմական հեղափոխությունը», - խորհրդակցության հիմնական սկզբունքն է ձևակերպել Կիմ Չեն Ընը: Նա նաև ընդգծել է մարտական պատրաստության կատարելագործման, զինվորական կարգապահության ամրապնդման և հրամանատարների մասնագիտական որակների բարձրացման անհրաժեշտությունը: