«Երեմյան» ընկերությունների խումբը COP-17-ին ներկայացրեց իր փորձը (տեսանյութ, լուսանկարներ)

16:40 • 24.10.26

Ինչպե՞ս կենսաբազմազանության պահպանման սկզբունքները վերածել գործնական լուծումների՝ գյուղատնտեսական արտադրությունից մինչև սպառող արժեշղթայում։

Այս հարցի շուրջ, COP-17-ի շրջանակում, «Երեմյան» ընկերությունների խումբն անցկացրեց թեմատիկ նիստ՝ «Սերմից՝ սեղան․ կենսաբազմազանության ինտեգրումը Հայաստանի ագրոպարենային արժեշղթայում․ Երեմյան ընկերությունների խմբի փորձը» խորագրով:

«Այսօրվա միջոցառման նպատակը հստակ էր. համախմբել ինչպես պետական գործընկերներին, այնպես էլ միջազգային զարգացման կառույցներին և մասնավոր հատվածին, որպեսզի կարողանանք եռակողմ հասկանալ, թե որոնք են այն հիմնական մարտահրավերները, ինչպես նաև ուղղորդող գործոնները կամ առավելությունները, որ այս համագործակցությունը կարող է ունենալ կենսաբազմազանության հետ կապված յուրաքանչյուր հարցին ավելի համապարփակ լուծումներ առաջարկելու համար»,-ասաց «Երեմյան» ընկերությունների խմբի Մարքեթինգի և հաղորդակցության տնօրեն Լուսինե Երեմյանը:

«Երեմյան» ընկերությունների խմբի համար կայուն գյուղատնտեսության զարգացումը երկարաժամկետ ռազմավարական ուղղություն է, որի հիմքում առողջ հողի, առողջ կենդանիների և առողջ սերունդների փոխկապակցվածության գաղափարն է՝ «Սերմից՝ սեղան» հայեցակարգով:

«Սերմից՝ սեղանը» եզակի է տարածաշրջանում և միավորում է գյուղատնտեսական արտադրության և սննդի արժեշղթայի տարբեր փուլերը՝ անասնակերի մշակությունից և Հայաստանում ամենամեծ սեփական ֆերմայից  մինչև կաթնամթերքի արտադրություն, սննդի անվտանգություն և մատակարարում վաճառակետեր։ Այս մոտեցման հիմքում ոչ միայն որակյալ արտադրանք ստանալու, այլև բնական ռեսուրսները պատասխանատու կերպով օգտագործելու և պահպանելու սկզբունքն է։

««Երեմյան» ընկերությունների խմբի գլխավոր նպատակը միշտ եղել է արտադրության բարձրացումը և որակի բարձրացումը: Ինտենսիվ և երկարաժամկետ ագրոբիզնեսի մեջ անհնար է առանց բնական ռեսուրսների օգտագործման, և այստեղ շատ կարևոր է, որ կարողանանք դա կառավարելի դարձնենք»,-նշեց «Երեմյան» ընկերությունների խմբի գյուղատնտեսական նախագծերի ղեկավար Արծրուն Խաչատրյանը։ 

Բնական ռեսուրսների պատասխանատու կառավարումն ու պահպանումը կարևոր նշանակություն ունեն նաև երկրի տնտեսության կայուն զարգացման համար, որում առացքային դերակատարում ունի նաև պետությունը։

«Կենսաբազմազանության պահպանությունը շատ կարևոր է նաև տնտեսության զարգացման համատեքստում, իսկ երբ ասում ենք կենսաբազմազանություն, այդտեղ մեծ մասնաբաժին ունի նաև ագրոկենսաբազմազանությունը, և վերջին տարիներին մենք կարող ենք ասել, որ ՀՀ-ում, այս առումով մեծ աշխատանքներ են իրականացվում և մեծ ուշադրություն է դարձնում այս հարցին»,-ընդգծեց ՀՀ էկոնոմիկայի նախարարության ծրագրերի մշակման վարչության պետ Իռա Փանոսյանը։

Թեմատիկ նիստի ընթացքում կարևորվեց նաև միջազգային փորձի ուսումնասիրությունն ու կիրառումը՝ գյուղատնտեսության ոլորտում կայուն և երկարաժամկետ լուծումներ գտնելու համատեքստում։

«Միջազգային փորձը ցույց է տալիս, որ պետք է հետևողական աշխատանք տանել ինտեգրված մոտեցում ձևավորելու ուղղությամբ՝ գյուղատնտեսության ոլորտում ինչպես ինքնաբավություն, այնպես էլ փոփոխությունների և մարտահրավերների նկատմամբ դիմակայունություն ապահովելու համար։ Խոսքը ոչ թե ավելի շատ արտադրելու, այլ ավելի կայուն եղանակներով արտադրելու մասին է։ Դրա համար նախ անհրաժեշտ է բնական ռեսուրսներն ավելի կայուն կերպով օգտագործել, բայց միևնույն ժամանակ քայլեր ձեռնարկել՝ երկարաժամկետ դիմակայունություն ապահովելու համար»-ասաց ՄԱԿ-ի ՊԳԿ Հայաստանի ծրագրերի համակարգող Ռուվան Ուբեյսեկարան:

«Շրջակա միջավայրի պահպանության հարցում մեր ջանքերը պետք է համատեղ լինեն և ներգրավեն նաև հասարակությանը, քանի որ այս ուղղությամբ յուրաքանչյուրի մասնակցությունն ու ներդրումը կարևոր են։ Իհարկե, հնարավոր է ժամանակավոր աջակցություն ստանալ միջազգային կազմակերպություններից կամ կառավարությունից, սակայն երկարաժամկետ արդյունքի հասնելու համար անհրաժեշտ է, որ այդ ջանքերը նաև տնտեսապես կայուն լինեն։ Սա հնարավորություն կտա ֆերմերներին բիզնես մոդելի հիման վրա զարգանալ և շարունակել իրենց գործունեությունը երկարաժամկետ հեռանկարում։ Հենց սա է այն փորձը, որը մենք ձեռք ենք բերել տարիների ընթացքում, և շարունակում ենք աշխատել այդ ուղղությամբ»,-նշեց «Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնություն Հայաստանում» ծրագրի ղեկավար Պասկալ Բոկկերսը: 

COP-17-ի շրջանակում կազմակերպված թեմատիկ նիստը ևս մեկ հարթակ էր՝ ընդգծելու, որ կենսաբազմազանության պահպանմանն ուղղված համատեղ ջանքերը կարող են նպաստել ավելի կայուն, դիմակայուն և պատասխանատու ագրոպարենային համակարգի ձևավորմանը: