Երեմյան մարդիկ․ Աիդա Տիգրանյան. կրթությունը՝ աշխարհայացք (տեսանյութ, լուսանկարներ)
Ժամանակակից աշխատաշուկան այսօր պահանջում է ոչ միայն տեսական գիտելիքներ, այլև գործնական պատրաստվածություն։ Հատկապես հյուրընկալության ոլորտում հաջողության գրավականը մասնագիտական հմտություններն են, միջազգային չափանիշներին համապատասխան կրթությունն ու շարունակական զարգացումը։ Հենց այս գաղափարի շուրջ էլ ձևավորվել է Խոհարարական արվեստի և հյուրընկալության Երեմյան ակադեմիայի գործունեությունը, որն արդեն մի քանի տարի՝ պատրաստում է ոլորտի մասնագետներին։
«Հայաստանում արագ զարգացող հյուրընկալության ոլորտը զգում էր միջազգային չափանիշներին համապատասխան մասնագետների պակաս և ակադեմիայի ստեղծման գաղափարը կրթական հարթակի հիմնումն էր, որտեղ կլրացվեր մասնագիտական բացը և, որ ամենակարևորն էր՝ ուսանողները կկարողանային ձեռք բերել գործնական հմտություններ»,-ասում է Խոհարարական արվեստի և հյուրընկալության Երեմյան ակադեմիայի տնօրեն Աիդա Տիգրանյանը։
Ակադեմիան հիմնադրվել է 2019 թվականին՝ «Երեմյան» ընկերությունների խմբի կողմից: Մասնագիտական կրթության ոլորտն ընկերության գործունեության 3-րդ ուղղությունն է: Այն մինչ օրս ունեցել է 2600-ից ավելի ուսանող: Հատկանշական է, որ շրջանավարտների 90%-ն ուսումնառությունից հետո ունենում է մշտական մասնագիտական զբաղվածություն:

«Ունենալով ընդամենը 7 տարվա պատմություն՝ ակադեմիան իրականացրել է 65-ից ավելի ծրագրեր, հիմնական 4 ուղղությամբ՝ ռեստորանային և հյուրանոցային մենեջմենթ և սպասարկում, խոհարարություն, հրուշակագործություն: Ծրագրերը կազմվել են միջազգային և տեղական հարուստ փորձի հիման վրա, որոնք համապատասխանում են աշխատաշուկայի կարիքներին և մեր ուսանողները, բացի տեսական գիտելիքները, ստանում են նաև գործնական կարողություններ, որոնք այս պահին անհրաժեշտ են աշխատաշուկայում»,-մանրամասնում է Աիդա Տիգրանյանը:
Նա նշում է՝ ակադեմիան կարևոր դեր է ունեցել նաև հյուրընկալության ոլորտի մասնագիտությունների հեղինակության բարձրացման գործում՝ խոհարարությունը, հրուշակագործությունը, ռեստորանային և հյուրանոցային կառավարումը ներկայացնելով որպես ժամանակակից, ստեղծարար և հեռանկարային կարիերայի ուղղություններ։
«Միաժամանակ «Երեմյան» ակադեմիան խթանում է շարունակական կրթության մշակույթը, տալով հնարավորություն ոչ միայն սկսնակ մասնագետներին, այլև ոլորտում փորձառուներին՝ կատարելագործելու իրենց գիտելիքները և կարողությունները»,-նշում է ակադեմիայի տնօրենը։
Խոհարարական արվեստի և հյուրընկալության Երեմյան ակադեմիայի դասընթացներն անցնում են բազմազան ու դինամիկ միջավայրում․ տարբեր տարիքային խմբերի, տարբեր հետաքրքրությունների և տարբեր երկրներից ժամանած ուսանողների հետ աշխատանքը բերում է նոր իրավիճակներ ու փորձառություններ՝ առօրյան դարձնելով ավելի հետաքրքիր:

Ակադեմիայի ղեկավարն ընդգծում է՝ մեծ հպարտություն է տեսնել շրջանավարտներին, ովքեր այսօր ղեկավարում են մեծ թիմեր և իրենց գիտելիքներն ու փորձը փոխանցում նոր սերնդին՝ դասավանդելով ապագա մասնագետներին։ Նրա խոսքով՝ հենց այս արդյունքներն են վկայում կատարված աշխատանքի արդյունավետության մասին։
«Սիրում եմ իմ աշխատանքը, որովհետև այն մարդկանց մասին է, մարդկանց զարգացման համար հնարավորություններ ստեղծելու մասին է և մեծ հպարտություն ենք զգում, երբ տեսնում ենք մեր ուսանողների առաջընթացը, նրանց ինքնավստահությունը և ոլորտում մրցունակ լինելը։ Միաժամանակ վստահ եմ, որ նման արդյունքի հնարավոր է հասնել միայն ուժեղ թիմի շնորհիվ:
Ինձ համար մեծ հաճույք և արժեք է աշխատել թիմի հետ, որը կիսում է նպատակները, արժեքները, ստեղծագործ է, սիրում է իր աշխատանքը, նվիրված է իր աշխատանքին: Նման թիմի հետ ամենօրյա աշխատանքն իմ ամենամեծ մոտիվացիաներից մեկն է»-եզրափակում է Խոհարարական արվեստի և հյուրընկալության Երեմյան ակադեմիայի տնօրեն Աիդա Տիգրանյանը։



















