Առաջին իսկ ժամադրությանը նա խոսեց հարսանիքի մասին. Ջեյ Լոն պատմել է կյանքի տղամարդուն գտնելու մասին (լուսանկարներ)
Երգչուհի Ջենիֆեր Լոպեսն ու բեյսբոլիստ Ալեքս Ռոդրիգեսն ընդամենը մի քանի ամիս է, ինչ հանդիպում են, սակայն արդեն հասցրել են որպես զույգ սիրվել երկրպագուների ու լրագրողների կողմից: Օրերս աստղերը համատեղ հարցազրույց են տվել Vanity Fair ամսագրին ու մասնակցել համատեղ ֆոտոնկարահանումներին:
Չնայած թե՛ Լոպեսը, թե՛ Ռոդրիգեսը հայտնի են իրենց բուռն սիրային կյանքով, այնուհանդերձ՝ նրանք վստահեցնում են,որ այժմ իրենց մոտ ամեն ինչ շատ լուրջ է: Առաջին անգամ իրենց սիրավեպի մասին անկեղծ հարցազրույց տված զույգը պատմել է Bel Air հյուրանոցի ռեստորանում ուշագրավ առաջին ժամադրության մասին:
«Նա ճերմակ վերնաշապիկով էր, այնքան առնական, ուժեղ ու միևնույն ժամանակ շատ շփվող: Ես նույնիսկ չէի էլ պատկերացնում, որ նա կարող էր այդչափ շփվող լինել: Ես պարզապես նստել էի ու լսում էի, թե ինչպես էր նա պատմում մարզական կարիերայի ավարտի, ապագայի ծրագրերի ու ամուսնանալու մասին. բայց չէ՞ որ առաջին ժամադրության ժամանակ այդ մասին չեն խոսում»,-վերհիշել է 48-ամյա երգչուհին՝ ընդգծելով, որ սիրելին չափից շատ էր հուզվում:

Ռոդրիգեսը ևս կիսվել է հիշողություններով՝ խոստովանելով, որ իրոք շատ էր հուզվում ու անհանգստանում:
«Ես նստած էի մեծագույն կնոջ կողքին, ու բազում դժվարությունների միջով անցած ինձ պես տղայի համար դա ուղղակի անհավանական էր: Զրույցի ընթացքում նա 3-4 անգամ ասաց, որ միայնակ է, ու ես ակնարկը հասկացա՝ չնայած, որ նույնիսկ դրանից հետո չկարողացա հաղթահարել հուզմունքս: Մի քիչ հանգստանալու համար դուրս եկա, ուժերս հավաքեցի ու նրան հաղորդագրություն գրեցի՝ «Դու սեքսուալ ես»: Երբ վերադարձա սեղանի մոտ, նա հենց նոր էր ստացել հաղորդագրությունս, մենք ծիծաղեցինք ու մթնոլորտն ավելի թուլացավ»,- պատմել է նա:

Լոպեսի խոսքով՝ ինքն ու Ալեքսն անչափ նման են ու դրա շնորհիվ իրար ձգում են:
«Մենք նման ենք, երկուսս էլ առյուծ ենք (կենդանակերպի նշանով), Նյու Յորքից ենք, լատինոսներ ենք և ունենք մեզ համախմբող էլի շատ բաներ: Նա ինձ հասկանում է այնպես, ինչպես ոչ ոք չի հասկացել ամբողջ կյանքիս ընթացքում»,-նշել է Լոպեսը:

Ի լրումն ասվածի՝ Ռոդրիգեսը խոստովանել է, որ Լոպեսն իր համար օրինակելի մարդ է:
«Նա վարում է հագեցած կյանք, բայց ամենից շատ սիրում է հարազատների հետ տանը լինել ու շոկոլադե թխվածքաբլիթ ուտել. այդ պահերին նա իսկապես երջանիկ է»,- եզրափակել է աստղային մարզիկը:











