Ջիգարխանյանի երիտասարդ կինը նրանից 4 անգամ ավելի աշխատավարձ է ստացել. նոր մանրամասներ
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանի ու նրա երիտասարդ կնոջ՝ 38-ամյա Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի սկանդալային բաժանման վերաբերյալ նոր մանրամասներ են ի հայտ եկել:
Ինչպես նշում է kp.ru-ն, 82-ամյա դերասանի պնդմամբ՝ 2 տարի տևած ամուսնական կյանքի ընթացքում Վիտալինան իր անունով է գրանցել Ջիգարխանյանի անշարժ գույքն ու զրոյացրել բանկային հաշիվները: Այժմ դերասանը կասկածներ ունի առ այն, որ կինը խարդախությամբ յուրացրել է ոչ միայն իր անձնական միջոցները, այլև սեփական հայեցողությամբ տնօրինել իր հիմնած թատրոնի գումարները:
Հայտնի է, որ վերջին 2 տարին Վիտալինան Ջիգարխանյանի անվան թատրոնի գլխավոր տնօրենն էր: Դերասանի մտերիմ ընկեր, գործարար Արթուր Սողոմոնյանի պնդմամբ՝ Վիտալիայի կառավարման օրոք թատրոնը քաղաքային իշխանություններից 100 մլն ռուբլի է ստացել, բայց միևնույն ժամանակ ուշացվել են աշխատողների աշխատավարձերը, թատրոնը պարտքեր ունի հարկային ծառայությանը: Սողոմոնյանի խոսքով՝ հատկացված փողերը կարծես անէացել են:
Պաշտոնական տվյալներով՝ Վիտալինին որպես Ջիգարխանյանի անվան թատրոնի գլխավոր տնօրեն ստացել է ամսական 300.000 ռուբլի: Մինչդեռ հայ դերասանը ստացել է 80.000 ռուբլի, ինչը նշանակում է, որ կինը Ջիգարխանյանից մոտ 4 անգամ ավելի աշխատավարձ է ստացել:
Այժմ Ջիգարխանյանը չունի ո՛չ բնակարան, ո՛չ էլ բանկային հաշիվեր, մինչդեռ նրա կինն այս կարճ ժամանակահատվածում դարձել է մի քանի անշարժ գույքի սեփականատեր, բանկային հաշիվներ է բացել տարբեր բանկերում, հիմնել է իր ընկերությունը:
Սողոմոնյանը մանրամասնել է, որ սկզբում տարեց դերասանը համբերատարությամբ էր վերաբերվում կնոջ նյութական մղումներին, սակայն երբ Վիտալինան որոշեց բեմադրիչ-ռեժիսոր դառնալ ու երաժշտական ներկայացումներ բեմադրել, Ջիգարխանյանի ու կնոջ միջև լուրջ տարաձայնություններ սկսվեցին:
Սողոմոնյանի պնդմամբ՝ Ջիգարխանյանի համար արվեստն ու թատրոնը սկզբունքային հարցեր են, ու նա չէր կարող թույլ տալ, որ կինն անորակ ներկայացումներ աներ իր անունը կրող թատրոնում: Հայտնի է, որ այդպիսի ներկայացումներից մեկի շուրջ բուռն վեճից հետո Ջիգարխանյանի առողջական վիճակը վատացել է ու նրան հոկտեմբերի 10-ին հոսպիտալացրել են: Այժմ Վիտալինան մեկնել է երկրից, բայց խոստացել է վերադառնալ կրքերը հանդարտվելուն պես: Մինչդեռ Ջիգարխանյանը մտադիր է ամուսնալուծվել:










