Նիկոլ Փաշինյանը պետք է ժամ առաջ հեռանա, որ չհանձնենք թշնամուն այն, ինչը կարող ենք չհանձնել

15:31 • 02.12.20

Այն, որ կապիտուլյացիայի ակտով պատերազմն ավարտած վարչապետը պետք է հեռանա, հազիվ թե իմաստ ունենա հանգամանալից բացատրել, թե ինչու, իսկ այն, որ հենց Փաշինյանը պետք է ժամ առաջ հեռանա, այ այս մասին որքան էլ հիմնավորումներ են բերվում, քիչ է, քանի որ հանրությունը կարծես ադակվատ չի արձագանքում այդ մտահոգություններին։

Մեր զոհված զինվորների մարմինների ու գերիների վերադարձը, նաև հստակեցնելը, թե է՛լ ինչ տարածքներ ենք հանձնելու Ադրբեջանին և ինչու, դա մեր հանրության համար այս պահին ամենակարևոր խնդիրն է։ Քանի որ այս հարցերը ոչ միայն եռակողմ հայտարարության շրջանակներում են, այլև գաղտնի պայմանավորվածությունների, իսկ Փաշինյանի՝ վարչապետ մնալու պարագայում մենք շատ բաների մասին չենք իմանում։ Շատ է խոսվում, թե ինչո՞ւ Արցախի ու ազատագրված տարածքների հանձնումն Ադրբեջանին տեղի են ունենում հստակ ժամանակացույցով, իսկ գերիների վերադարձի, մեր զինվորների մարմինների հանձնման հարցում որևէ կոնկրետ ժամանակացույց չկա։

Պատերազմի առաջին օրերին, երբ Ադրբեջանը կենդանի ուժի մեծ կորուստներ էր կրում, երեք անգամ չհարգեց հումանիտար հրադադարի պայմանավորվածությունը, որի նպատակն էր դուրս բերել զինվորների մարմինները ռազմի դաշտից։ Պատճառը միանգամայն հասկանալի էր, թեպետ՝ անբարո։ Ալիևը չուներ իր հասարակությանը շոշափելի հաղթանակներ ներկայացնելու փաստեր, իսկ եթե զինվորների մարմինները հանձնվեին ընտանիքներին, դա կարող էր հանգեցնել ներքին ցնցումների ու պատերազմի շարունակման հանդեպ լուրջ բողոքի ակցիայի։

Իսկ հիմա Ադրբեջանը հաղթել է, ու զոհերի ինչ թիվ էլ ներկայացնի իր հանրությանը, խնդիր չի, ինչպես ասում են՝ հաղթողներին չեն դատում։ Հիմա Փաշինյանն ունի լուրջ պրոբլեմ, նա պարտվել է պատերազմում ու ամեն գնով ձգձգում է զոհերի մարմինների ու գերիների վերադարձը, որպեսզի մեր երկրում աստիճանաբար հանգչի հակաիշխանական ընդվզումն ու ներկայացնի մեր թե՛ մարդկային, թե՛ տարածքային կորուստները։ Իսկ որպեսզի զոհերի ու գերևարվածների ծնողների բողոքը չհանգի կրիտիկական կետի, Փաշինյանը գտել է լուծումը՝ այդ հարցով դիմել է Վլադիմիր Պուտինին, հարցը ՌԴ նախագահի անմիջական հսկողության տակ է։

Այսինքն, ստացվում է, որ եթե աշխարհի ամենահզոր գործիչներից մեկին չի հաջողվում հարցն անհապաղ լուծել, էլ Փաշինյանից ի՞նչ եք պահանջում։ Բայց մարդիկ ահազանգում են, որ հիմա տարբեր վայրերում շրջափակման մեջ ընկած զինվորներ ունենք, ու եթե հարցը հրատապ կերպով չլուծվի, ապա այս ցուրտ եղանակին նրանք ուղղակի կմահանան, էլ չեմ խոսում, որ շատերը կարող է վիրավարված լինել։

Իսկ այս ընթացքում Ադրբեջանը կարող է գտնել նրանց, գերեվարել կամ սպանել, ուստի պետք է արագացնել որոնողական աշխատանքները։ Բայց եթե դրանք արագացվեն, պատկերացնո՞ւմ եք՝ ինչ թիվ է կազմելու մեր զոհերի քանակը, իսկ պարտված երկրի պարագայում դա ավելի ցավոտ է ընդունվում, և ուղղակի աններելի է երկրի ղեկավարի հետագա պաշտոնավարումը։

Այժմ էլ իշխանությունները տարածեցին, թե իրենց դեմ տարվող պայքարը աթոռակռիվ է, իսկ հասարակությունը մեծապես վստահում է Փաշինյանին, այլապես կմիանար պայքարող ուժերի բողոքի ակցիաներին։ Իհարկե, եթե հոգեպես կոտրված հասարակությանը համոզես, որ դա աթոռակռիվ է, պարզ չի՞, որ չի միանա նրանց։ Փաստորեն ստացվեց, որ Փաշինյանի հրաժարականը պահանջում են միայն աթոռ ուզողնե՞րը, իսկ մնացածը համաձա՞յն է նրա հետ, սա ինչ աբսուրդ է։

Աթոռ պահելու համար Փաշինյանը ցանկացած ստորության դիմում է, նա համաձայն է, որ վիրավորներն ու շրջափակման մեջ ընկածներն էլ մահանան, գերիներին ու զոհերի մարմինները ուշ հանձնեն, միայն թե ինքը հասցնի իր դիրքերն ամրապնդել երկրում, որից հետո ինչ թիվ էլ իմանանք, արդեն կդիմանանք այդ հարվածին։

Հիմա պարզ է չէ՞, թե ինչու պետք է Փաշինյանը ժամ առաջ հեռանա. որպեսզի ինչ որ դեռ կարող ենք չհանձնել թշնամուն՝ չհանձնենք, և ինչ, որ մեզ պետք է հանձնի թշնամին՝ ժամ առաջ հանձնի։

Նիկոլ Փաշինյանը պետք է ժամ առաջ հեռանա, որ չհանձնենք թշնամուն այն, ինչը կարող ենք չհանձնել