Բարդ, բայց ոչ անհույս․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին Նիկոսիայում կրած պարտությունից հետո

16:06 • 03.10.26

ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի խաղարկության C լիգայի C2 խմբում առաջին երեք տուրերից հետո Հայաստանի ազգային հավաքականը հայտնվել է բարդ, սակայն շտկելի մրցաշարային իրավիճակում։

Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը, որը մրցաշարը սկսել էր Լատվիայի նկատմամբ տպավորիչ տնային հաղթանակով (2:0), զիջեց Չեռնոգորիային (2:3), իսկ նախօրեին Նիկոսիայում 0:2 հաշվով ցավալի պարտություն կրեց Կիպրոսի ընտրանուց։

Կիպրոսի հետ հանդիպման ելքը վճռվեց առաջին խաղակեսում։ Տանտերերը մաքսիմալ արդյունավետությամբ օգտագործեցին հայկական պաշտպանության թերացումները։ 19-րդ րոպեին անկյունայինի խաղարկումից և դարպասապահ Արսեն Բեգլարյանի անվստահ խաղից հետո հաշիվը բացեց Լեոնիդաս Կոնոմիսը, իսկ 31-րդ րոպեին Անդրոնիկոս Կակուլիսը՝ եզրափակելով Յաննիս Պիտտասի փոխանցումը, կրկնապատկեց առավելությունը։

Երկրորդ խաղակեսում սցենարը բեկելու իրական հնարավորություն ստեղծվեց. 52-րդ րոպեին VAR-ի միջամտությունից հետո կիպրացի Կոստաս Պիլեասը ուղիղ կարմիր քարտով հեռացվեց դաշտից՝ Բանդիկյանի նկատմամբ կոպիտ խախտման համար։ Չնայած գրեթե մեկ խաղակես ունեցած թվային առավելությանը և մրցակցի դարպասին ուղղված հարվածներին՝ Հայաստանի հավաքականին այդպես էլ չհաջողվեց գոլ հեղինակել։

Կիպրական մամուլը, արձագանքելով արդյունքին, շեշտում է սեփական թիմի տակտիկական կարգապահությունն ու արդյունավետությունը, որը թույլ տվեց 10 հոգով անառիկ պահել դարպասը «որակ և արագություն ունեցող» մրցակցի դեմ խաղում։

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը հետխաղյա ասուլիսում չի թաքցրել իր հիասթափությունը՝ կատարվածի պատասխանատվությունը վերցնելով իր վրա.

«Շատ ցավալի էր, արժանի չէինք պարտության։ Այդպիսի անհաջող խաղ չեմ հիշում։ Ամեն ինչ լավ սկսում ենք, հետո առաջին սխալը, երկրորդը, ու դրանից հետո պետք է փրկել խաղը»։

Մասնագետը նաև ընդգծել է վնասվածքների գործոնը՝ նշելով մեկնարկային կազմում հայտավորված Ղարիբյանի՝ նախավարժանքի ժամանակ ստացած վնասվածքն ու հանդիպման ընթացքում Բանդիկյանի կորուստը, սակայն հավելել է, որ այս պարտությունը չպետք է հոգեբանորեն կոտրի թիմին։

Զուգահեռաբար Ռիգայում Չեռնոգորիան Վասիլիե Աջիչի դուբլի շնորհիվ 2:1 հաշվով կամային հաղթանակ տարավ Լատվիայի նկատմամբ՝ դառնալով խմբի միանձնյա առաջատարը։