Նապոլեոնի՝ 1809 թվականին գեներալին ուղարկած նամակը, որը ավելի քան 200 տարի ոչ ոք չէր կարողանում վերծանել, GPT-6 Astra-ն արել է վեց ժամում
Նապոլեոնի՝ 1809 թվականին գեներալին ուղարկած նամակը, որը ավելի քան 200 տարի ոչ ոք չէր կարողանում վերծանել, GPT-6 Astra-ն արել է վեց ժամում։ Նամակը GPT-6 Astra-ի միջոցով վերծանել է SentinelOne ընկերության արհեստական բանականության ինժեներ և կիբերանվտանգության մասնագետ Քարթեր Չերչը։ Այդ մասին նա պատմել է իր բլոգում։
1809 թվականին Ֆրանսիայի կայսր Նապոլեոն Բոնապարտը պատրաստվում էր պատերազմել Ավստրիայի դեմ, սակայն գեներալ Օգյուստ դը Մարմոնի հրամանատարությամբ գործող ֆրանսիական լավագույն զորքերը կտրվել էին հիմնական ուժերից։ Գեներալի հետ կապ հաստատելը Նապոլեոնը հանձնարարեց իր խորթ որդուն՝ Իտալիայի փոխարքա Էժեն դը Բոհարնեին։
Վերջինս դը Մարմոնին ուղարկեց ռազմական ծրագրերը պարունակող գաղտնագրված նամակ։ Քանի որ ծածկագրի բանալին չէր պահպանվել, նամակի բովանդակությունն ավելի քան 200 տարի անհայտ էր մնում։ GPT-6 Astra արհեստական բանականության համակարգը կարողացավ վերծանել այն մոտ վեց ժամում։
1969 թվականին նամակի պատճենը հրապարակվել էր ֆրանսիական բանակի ամսագրում։ Չերչը այն հայտնաբերել է Cryptiana պատմական գաղտնագրությանը նվիրված բլոգի միջոցով։ Նա որոշել է Նապոլեոնի ուղերձը վերծանել GPT-6 Astra-ի օգնությամբ՝ իմանալով, որ արհեստական բանականության այս համակարգը վերջերս կարողացել էր վերծանել Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիների «Էնիգմա» գաղտնագրման մեքենայի հաղորդագրությունը։
Astra-ից նամակի վերծանումը պահանջել է մոտ վեց ժամ։ Նապոլեոնի նամակը կազմված էր հոմոֆոնիկ ծածկագրով, որի դեպքում նույն տառը կարող է ներկայացվել մի քանի տարբեր պայմանական նշաններով։ Նշաններից 33-ն արդեն նախկինում վերծանված էին։ Astra-ն նամակը բաժանել է առանձին տողերի, ճանաչել դրանում առկա 175 ձեռագիր նշանները և կոտրել ծածկագիրը՝ փորձարկելով անհայտ նշանների հնարավոր նշանակությունները և ստուգելով, թե արդյոք դրանցից ստացվում է տրամաբանական ու հավանական տեքստ։
Տեսականորեն նույնը հնարավոր կլիներ անել նաև ձեռքով, սակայն դա երկար և չափազանց աշխատատար գործընթաց կլիներ, նշում է The Telegraph-ը։
Պարզվել է, որ Նապոլեոնի նամակում դը Մարմոնին տեղեկություններ էին հաղորդվում Ավստրիայի դեմ պատերազմի նախօրեին ֆրանսիական զորքերի տեղակայման և թվաքանակի մասին։ Նապոլեոնը նաև նախազգուշացնում էր, թե որտեղ կարող էին ավստրիացիները, ենթադրաբար, հարձակում սկսել, և կոչ էր անում հիմնական ֆրանսիական ուժերից կտրված դը Մարմոնին չվախենալ նրանցից։
«Երբ ստանաք առաջ շարժվելու հրամանը, թույլ մի տվեք, որ ձեզ վախեցնեն մի քանի զինվորական ստորաբաժանումներ կամ խաժամուժի մի բազմություն»,- գրել էր Նապոլեոնը։
Դը Մարմոնի համար 1809 թվականի պատերազմը հաջողությամբ ավարտվեց։ Նա ֆրանսիական զորքերը դուրս բերեց Դալմաթիայից՝ ներկայիս Խորվաթիայի տարածքից, միացավ Նապոլեոնի հիմնական ուժերին և մասնակցեց ռազմական արշավի վերջին խոշոր ճակատամարտին։ Հաղթանակից հետո Նապոլեոնը նրան նշանակեց մարշալ։










