Ցյուրիխում առևանգվել են Մոնեի, Դեգայի, Վան Գոգի և Սեզանի կտավները

17:01 • 14.02.08

163 մլն դոլար ընդհանուր արժեքով չորս նկար է առևանգվել շվեյցարական Ցյուրիխ քաղաքի Buehrle Collection մասնավոր թանգարանից: Սա 2008թ. ընթացքում տեղի ունեցած արվեստի գործերի առևանգման արդեն երկրորդ դեպքն է:

Կողոպուտը իրականացվել է թանգարանի փակվելուց 30 րոպե առաջ: Գողերը երեքն էին` մուգ հագուստով և դահուկային դիմակներով: Նրանցից մեկը, ատրճանակը թափահարելով, հրամայել էր հաճախորդներին և թանգարանի աշխատակիցներին պառկել հատակին, մինչդեռ մյուս երկուսը պատերից հանում էին նկարները:

Ականատաեսների վկայությամբ`դրանից հետո առևանգիչները հեռացան սպիտակ մեքենայով` տեղավորելով նկարները թափթում: Ոստիկանության հայտնած տվյալների համաձայն` հանցագործներից մեկը խոսում էր սլավոնական ակցենտով:
Անհայտացել են Մոնեի “Կակաչները Վետեայի շաջակայքում” (1879թ.), Էդգար Դեգայի “Կոմս Լեպիկը դուստրերի հետ” (1881թ.), Վան Գոգի “Շագանակի ծաղկող ճյուղերը” (1890թ.) և Սեզանի “Կարմիր բաճկոնով տղան” (1888թ.):

Նկարների ընդհանուր արժեքը գնահատվում է 163 մլն դոլար: Թանգարանում մնացել են ավելի արժեքավոր կնավներ. ոստիկանության կարծիքով` գողերը պարզապես հանել են մի քանի մոտ կախված նկար, ընդ որում` ընտրել են ամենածանր և մեծ կտավները:

Հանցագործությունը կատարվել է, երբ թանգարանը դեռ բաց էր, և այն փաստը, որ գողերը զինված էին, վկայում է այն մասին, որ արվեստի գործերի առևանգումն անցել է “նոր մակարդակի”, ինչը կարող է չափազանց վտանգավոր նախադեպ հանդիսանալ:

Նշենք, որ անցյալ շաբաթ Շվեյցարիայի արևելքում առևանգվել էին Պիկասոյի երկու կտավները, որոնք պատկանում էին հանովերյան Sprengel Museum-ին: Դրանք էին “Ձիու գլուխը” և “Բաժակ և սափոր” կտավները (երկու կտավները գնահատվում են 4,5 մլն դոլար):

Լուրեր էին պտտվում, որ այս գողության ժամանակ ևս տեսել են սպիտակ ավտեմեքենա, սակայն շվեյցարական իշխանությունները պնդում են, որ այս երկու իրադարձությունները միմյանց հետ ոչ մի կապ չունեն:

Արվեստի գործերի առևանգումը հաճախակի բնույթ է սկսել կրել. այսպես, 2006թ. ընթացքում արձանագրվել է առնվազն չորս գողության դեպք (երկու դեպքում նկարները շատ արագ գտնվել են):

Հետաքննությունը վարող Պիտեր Ռյուգերն ասում է, որ Buehrle Collection թանգարանից իմպրեսիոնիստների և պոստիմպրեսիոնիստների կտավների առևանգումը “ամենախոշոր դեպքն է Շվեյցարիայում, հավանաբար, նաև Եվրոպայում”: