Մոնեն` երկու մակագրությամբ
Քյոլնի Wallraf-Richartz թանգարանում մոտ ժամանակներս տեղի կունենա իմպրեսիոնիստների գործերի ցուցադրություն: Նախապատրաստական աշխատանքների շրջանակներում կատարվում են ցուցանմուշների ծրագրային վերականգնողական ստուգումներ, ինչը նպատակ ունի պարզելու վերջիններիս վիճակը: Թանգարանի տնօրինության տակ գտնվող իմպրեսիոնիստների նկարների շարքում է Կլոդ Մոնեի վրձնին պատկանող “Սենայի ափերին” կտավը:
Ստուգման ընթացքում ռեստավրատորներին մտահոգեցին մի շարք մանրուքներ: Նախ` նրանք հայտնաբերեցին, որ նկարը նկարվել է մատիտով և միայն հետո` յուղաներկով, մի բան, որը Մոնեն երբեք չի կիրառել:
Բացի այդ, կտավի վրա հայտնաբերվել է ջնարակի շերտ` նկարն արհեստականորեն հնացնելու նպատակով: Ի լրումն այս ամենի` անհայտ նկարիչը թողել է երկու ինքնագիր` տարբեր գույներով. նրանցից մեկը ճշտորեն պատճենում է Մոնեի մակագրությունը, մյուսը թողել է կտավի իրական հեղինակը:
Այս ամենը իրավամբ հիմք է տվել հաստատելու, որ հիսուն տարուց ավել թանգարանում ցուցադրված նկարը կեղծիք էր:
Քաղաքի իշխանությունները հայտնել են, որ չեն պատրաստվում պարզել կտավի իրական հեղինակի ինքնությունը, քանի որ մոտավոր հաշվարկներով նկարը կեղծվել է նախորդ դարի 20-ական թթ.:
Նշենք, որ սա ֆրանսիացի հայտնի նկարչի կտավների կեղծման առաջին դեպքը չէ: Հունվարի 26-ին Նորթհեմփթոնշիրում տեղի ունեցած աճուրդում Կլոդ Մոնեի “Սատնա Մարիա դելա Սալյուտե և Գրանդ Կանալ” կտավը վաճառվել է 15 000 ֆունտ ստերլինգ կլորիկ գումարով: Աճուրդի գրացուցակում նշված է, որ նկարը հանդիսանում է հայտնի իմիտատոր Թոմ Քիթինգի կեղծումը: Սակայն սա խոչընդոտ չի հանդիսացել լոնդոնյան գնորդի համար, ով գնեց կտավը` բարձրացնելով վերջինի նախնական գինը երեք հազար ֆունտով:










