“Ծերունիներն այստեղ տեղ չունեն” ֆիլմն արժանացավ 4 "Օսկարի"

15:27 • 25.02.08

Ամերիկյան կինոակադեմիայի կողմից տարվա լավագույն ֆիլմ է ճանաչվել եղբայրներ Իտան և Ջոել Կոենների “Ծերունիներն այստեղ տեղ չունեն ֆիլմը”:
Այս անվանակարգում մրցանակին էին հավակնում նաև Ջո Ռայթի “Թողություն”, Փոլ Թոմաս Անդերսոնի “Նավթ”, Ջեյսոն Ռեյթմանի “Ջունո” և Թոնի Գիլրոյի “Մայքլ Կլեյթոն” ֆիլմերը:
Կոեն եղբայրների ֆիլմը ստացել է չորս ոսկե արձանիկ: Մասնավորապես, ամերիկյան կինոակադեմիան եղբայրներին “Օսկար” է շնորհել լավագույն ռեժիսուրա և լավագույն ադապտացված սցենար անվանակարգերում: Բացի այդ, տղամարդու լավագույն երկրորդական դեր անվանակարգում մրցանակ է շնորհվել իսպանացի Խավյեր Բարդեմին:
Հիշեցնենք, որ Կոեն եղբայրների ժապավենը ի սկցբանե առաջադրվել էր “Օսկարի” ութ անվանակարգերում: Ռեժիսոր Փոլ Թոմաս Անդերսոնի “Նավթ” ֆիլմի դերասան Դենիել Դեյ-Լյուիսը ստացել է “Օսկար” "լավագույն տղամարդու դեր" անվանակարգում: Մրցանակաբաշխության ֆավորիտ հանդիսացող այս ֆիլմը ընդհանուր առմամբ արժանացավ երկու “Օսկարի”:
Բազմաթիվ տարբեր մրցանակների արժանացած և “Օսկարի” մրցանակաբաշխության յոթ անվանակարգերում առաջադրված “Բացառություն” ֆիլմը արժանացավ ընդամենը մեկ մրցանակի:
“Կյանքը վարդագույնի մեջ” ժապավենում Էդիտ Պիաֆի դերակատարուհի Մարիոն Կոտայրը ստացել է “Օսկար” լավագույտ կնոջ դերի համար: Ընդհանուր առմամբ, Օլիվյե Դաանայի ժապավենը արժանացավ երկու արձանիկի:
“Ջունո” ֆիլմի սցենարիստը արժանացավ “Օսկարի” լավագույն յուրօրինակ սցենար անվանակարգում. մրցանակը շնորհվել է Դյաբլո Կոդիին:
“Բորնի վերջնագիրը” ֆիլմը արժանացավ երեք “Օսկարի”` բոլորն էլ տեխնիկական բնույթ ունեցող անվանակարգերում:
“Մետաղադրամի կեղծարարները” ֆիլմը հաղթող է ճանաչվել “Լավագույն օտարալեզու ֆիլմ” անվանակարգում` հետևում թողնելով Նիկիտա Միխալկովի “12” ժապավենը:
Լավագույն լիամետրաժ մուլտֆիլմ է ճանաչվել Pixar ընկերության “Ռատատույ”-ը: