Լեոնարդո դա Վինչին` շախմատային դասագրքի համահեղինա՞կ

16:24 • 26.02.08

Իտալական ձեռագիր շախմատային դասագիրքը զարդարող` մոտավորապես 1500թ. պատկանող նկարազարդումները, հնարավոր է, Լեոնարդո դա Վինչիինն են: Նման վարկած է արտահայտել միլանցի քանդակագործ և ճարտարագետ Ֆրանկո Ռոկկոն, ով հետազոտել է ձեռագիրը վերջինի սեփականատերերի խնդրանքով: Այդ մասին է գրել The Guardian պարբերականը:
Խոսքը վերաբերում է Լուկո Պաչոլիի` եվրոպական հաշվապահության հիմնադրի կողմից գրված փոքրիկ "De Ludo Schacorum" ("Շախմատի մասին") տրակտատին:
Պաչոլին ընկերացել է Լեոնարդոյի հետ միլանյան դքսի` Լոդովիկո Սֆորցայի պալատում: Ավելի ուշ նրանք միասին փախել են Մանտովա, որտեղ նրանց հովանավորել է մարկիզուհի Իզաբելլա դը’Էստեն: Հայտնի է, որ Լեոնարդոն արել է Պաչոլիի "De Divina Proportione" ("Աստվածային չափաբաշնի մասին") գրքի նկարազարդումները:
Ֆրանկո Ռոկկոյի կարծիքով` տրակտատի շախմատային արձանիկները նկարված են անթերի և ծանոթ ոճով` Լեոնարդոյի ոճով: Ավելին, ըստ Ռոկկոյի` արձանիկների չափերը հաշվարկված են “ոսկե հատման” համաձայն` խնդիր, որով տարված էին և′ Լեոնարդոն, և′ Պաչոլին:
Վերջապես, շախմատային գրքում թագուհու պատկերը հիշեցնում է շատրվանի արձանները, որոնք նկարել է դա Վինչին “Ատլանտյան կոդեքս” հավաքածուի էջերին: