«Ճչացողները» ֆիլմը կթողարկվի DVD տարբերակով

17:22 • 26.02.08

Հայոց ցեղասպանության մասին պատմող «Screamers» («Ճչացողները») փաստագրական տեսաֆիլմը կթողարկվի DVD տարբերակով։ Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի և «Sony BMG Entertainment»-ի համատեղ նախաձեռնությունը նպատակ ունի Միացյալ Նահանգներում և, ընդհանրապես, աշխարհում բարձրացնելու ցեղասպանությունների դեմ ուղղված շարժման ալիքը։
Հայ դատը սկսում է նաև ««Screamers»-ը ուսումնական հաստատություններում» ծրագիրը։ «Այս տեսաֆիլմը շատ կարևոր դերակատարություն ունի հակացեղասպանական շարժման ակտիվացման գործում. դրա օգնությամբ ամբողջ աշխարհում ընդլայնվում է շարժման համակիրների բանակը։ Անհրաժեշտ է, որպեսզի յուրաքանչյուր դպրոց և գրադարան այս կարևոր փաստագրական տեսաֆիլմից մեկական օրինակ ունենա»,-ասել է հանձնախմբի Արևելյան տարածաշրջանի գործադիր տնօրեն Կարինե Բիրազյանը։
Ֆիլմի ռեժիսոր Կարլա Գարապետյանը նշել է, որ «Screamers»-ի միջոցով նախորդ տարի ԱՄՆ-ում, նաև ողջ աշխարհում բարձրացրել է ցեղասպանության վերաբերյալ իրազեկվածության աստիճանը։ «Յուրաքանչյուր վաճառված DVD կնշանակի` «Մենք մտահոգված ենք խնդրով, և սա վերաբերում է մեզ` որպես հայերի և ամերիկացիների, հատկապես այսօր, երբ Դարֆուրում ցեղասպանություն է իրականացվում»,-ասել է նա։ Ռեժիսորն ավելացրել է նաև, որ այդ տեսաերիզը կրթական նշանակություն ունի, քանի որ այստեղ չի օգտագործվում «կոպիտ լեզու», և ուսումնական հաստատություններում, իրապես, այն կարող է ուղերձի դեր կատարել։
Նշենք, որ «Screamers»-ը նվիրված է վերջին 100 տարիների ընթացքում աշխարհում իրականացված ցեղասպանություններին, որոնք սկիզբ են առնում 1915թ. Մեծ եղեռնից։ Ֆիլմում նկարահանվել են «Գրեմմի» երաժշտական մրցանակաբաշխության հաղթող «System of a Down» ռոք խմբի անդամները, ովքեր ակտիվորեն մասնակցում են Հայոց ցեղասպանության ճանաչման համար ծավալված արշավին։ Ֆիլմը ցուցադրվել է ԱՄՆ-ի բազմաթիվ քաղաքների և աշխարհի շատ երկրների կինոթատրոններում, ինչպես նաև «BBC» հեռուստակայանով։ Նախորդ տարի այն երկու անգամ ցուցադրվել է նաև Կապիտոլիումում։