Ֆրենսիս Բեքոնի “Մերկ կինը” վաճառվել է 39,7 մլն դոլարով

13:49 • 28.02.08

Ֆրենսիս Բեքոնի “Մերկ կինը և հայելու մեջ պատկերը” կտավը փետրվարի 27-ին Sotheby's աճուրդից վաճառվեց 39,7 մլն դոլարով (20 մլն ֆունտ):
Թեև Բեքոնի այս գործը, փաստորեն, վաճառվել է գնահատվածից (18-25 մլն ֆունտ) ցածր գնով, Sotheby's աճուրդի տանը, այնուամենայնիվ, հաջողվեց իրականացնել ժամանակակից արվեստի գործերի` Եվրոպայում ամենահաջող վաճառքը:
Բեքոնի ստեղծագործությունների համար վճարված ռեկորդային գումար գրանցվել է 2007թ., երբ անգլիացու “Ինոկենտիուս X Պապի դիմանկարին արված էտյուդը” վաճառվեց 52,7 մլն դոլարով:
2008թ. փետրվարի սկզբին Christie's աճուրդի տունը կարողացավ վաճառել նկարչի տրիպտիխը 51,7 մլն դոլարով:
Ընդհանուր առմամբ, Sotheby's աճուրդը փետրվարի 27-ին ստացավ 95 մլն ֆունտ (188,6 մլն դոլար), որը երկու անգամ գերազանցում է 2007թ. փետրվարին կայացած աճուրդի ժամանակ ստացված գումարը: