Չարլզ Բուկովսկու տունը կպահպանեն սերունդների համար

16:34 • 29.02.08

Լոս-Անջելեսի քաղաքապետարանը պատմական արժեքի կարգավիճակ է շնորհել այն տանը, որտեղ 1963-1972թթ. ապրել է ամերիկյան հանրահայտ գրող Չարլզ Բուկովսկին: Այս կերպ հին և շարքից դուրս եկած խրճիթը, որտեղ գրվել է Բուկովսկու "Post Office" ("Փոստատուն") առաջին վեպը, չի տուժի այդ տարածքում իրականացվելիք շինարարական աշխատանքներից: Հետագայում այդ տունը կարող է ընդգրկվել Հոլիվուդում գտնվող զբոսաշրջիկների այցելած տեսարժան վայրերի ցանկում:
Չարլզ Բուկովսկին (1920-1994) գրեթե ամբողջ կյանքն ապրել է Լոս-Անջելեսում. նրա ընտանիքը տեղափոխվել է այնտեղ 1926թ.:
Բուկովսկին հեղինակել է մի քանի տասնյակ բանաստեղծական ժողովածու, վեց վեպ, այդ թվում նաև “Ֆակտոտում”, “Խոզապուխտով հացը” և “Անպետք գրականությունը”, բազմաթիվ էսսեներ և հրապարակախոսություններ:
Թեև Բուկովսկին չի արժանացել ոչ մի գրական մրցանակի, նա համարվում է հետպատերազմյան շրջանի խոշորագույն ամերիկյան գրողներից մեկը: