Ներկայացվեց «2007-X» թատերական շաբաթվա վերջին բեմադրությունը

00:07 • 18.03.08

ՀՀ մշակույթի նախարարության նախաձեռնությամբ` Ազգային թատերական ստեղծագործական միավորումը, թատրոնի միջազգային օրվա կապակցությամբ, մարտի 10-17-ը անցկացրեց «2007-X» թատերական շաբաթը։ Հ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնում երեկ ներկայացվեց թատերական շաբաթվա վերջին` ռեժիսոր Նարինե Գրիգորյանի «Երկնագույն երկրագունդ» բեմադրությունը։ Շաբաթվա ընթացքում թատերասերների ուշադրությանը ներկայացվեցին 2007թ-ին բեմադրված հեղինակային փորձարարական ներկայացումներ: 

Ամփոփելով Թատերական շաբաթը, Ազգային թատերական ստեղծագործական միավորման նախագահ Ռուբեն Բաբայանը տեսակետ հայտնեց, որ Երևանը կարիք ունի բազմաթիվ փոքր թատերական բեմերի։ Նա հավելում է, որ այն, ինչ հնարավոր է եղել տեսնել շաբաթվա ընթացքում փոքր թատրոններում ներկայացված բեմադրությունների ժամանակ ապացուցում էր, որ այդ տեսակ փոքր դահլիճների կարիք շատ կա։

«Մեծ թատերական բեմերը Երևանում բավարար են, քիչ տեղերով թատրոններ շատ պետք է լինեն։ Փորձը ցույց է տալիս, որ ամենահետաքրքիր գաղափարները նորարարությունները գտնվում են հենց այդպիսի փոքր թատրոններում, հետո նրանք սկսում են զարգանալ եւ իրականանալ մեծ բեմերում»,-շեշտեց Ռ. Բաբայանը։

Ըստ նրա, թատրոնի յուրահատուկ հատկությունը` անմիջական կապը դերասանի եւ հանդիսատեսի միջև հենց նման փոքր թատրոններում է հաջողվում ստեղծել։ Բացի այդ, տարբեր նախասիրություններ ունեցող մարդկանց համար նման թատրոններ այցելելը առավել հնարավորություններ է ընձեռում։