Ազգային գրադարանը տպագրության է պատրաստում «Վիլյամ Սարոյանը հայերեն» մատենագիտական աշխատությունը
Հանրապետությունում ապրիլի 14-21-ը Հայկական գրադարանների ասոցիացիան կանցկացնի ամենամյա ազգային գրադարանային շաբաթ։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել է ազգային գրադարանի փոխտնօրեն Ռաֆիկ Ղազարյանը, 2002 թվականից անընդմեջ կազմակերպվող միջոցառման հիմնական նպատակը հասարակության ուշադրության բևեռումն է գրադարաններին ու նրանց խնդիրներին։
Ըստ նրա` գրադարանների համար, հատկապես` մարզերում, գերխնդիր է մնում գրքային ֆոնդերի համալրումը։ Կան 842 գյուղական, ինչպես նաեւ տարածքային եւ մարզային բազմաթիվ գրադարաններ, որոնք շատ քիչ են համալրվում կամ բոլորովին գրքեր չեն ստանում։ Վերջին 15-16 տարվա ընթացքում նախկինի համեմատ ֆոնդերը 3 մլն-ով պակասել են։
Շաբաթվա ընթացքում անցկացվելիք յուրաքանչյուր օրը կունենա իր խորհուրդը, կլինի մայրենի լեզվի, դպրոցական շարադրությունների, գրքերի նվիրատվության օր։ Այս տարվա գլխավոր միջոցառումը կլինի սարոյանական գրականությանը նվիրված օրը։ Ռ.Ղազարյանի տեղեկացմամբ, ազգային գրադարանը տպագրության է պատրաստում «Վիլյամ Սարոյանը հայերեն» մատենագիտական աշխատությունը, որն այժմ վերջին խմբագրման փուլում է։










