Հայաստանը կմասնակցի «Շանհայ 2010» համաշխարհային ցուցահանդեսին

11:49 • 25.03.08

Չինաստանում կայանալիք «Շանհայ 2010» համաշխարհային ցուցահանդեսին Հայաստանը կմասնակցի «Քարերի երկիր Հայաստան» խորագրով և առանձին տաղավարով։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել է Հայկական զարգացման գործակալության գլխավոր տնօրեն Տիգրան Դավթյանը, այս որոշումը կայացվել է ցուցահանդեսին Հայաստանի մասնակցությունը պատշաճ ձևով կազմակերպելու նպատակով ստեղծված աշխատանքային խմբի վերջին նիստերից մեկ ժամանակ։ Ի դեպ, աշխատանքային խմբի ղեկավար է նշանակված ՀՀ առեւտրի և տնտեսական զարգացման նախարար Ներսես Երիցյանը։ Ցուցահանդեսի ազգային օպերատորը Հայակական զարգացման գործակալությունն է։

Մինչև ապրիլի 1-ը «Շանհայ 2010»-ի կազմակերպիչներին պետք է ներկայացվի, թե ինչ խորագրով և ձեւաչափով է ցուցահանդեսին ներկայանալու Հայաստանը։ Տ. Դավթյանի խոսքերով` նշված ցուցահանդեսը թե՛ ծավալներով, թե՛ ձևաչափով լինելու է աննախադեպ, և Հայաստանը հավուր պատշաճի պետք է ներկայանա դրան։