Այսօր նշվում է Թատրոնի միջազգային օրը
«Այս տոնը մասնագիտական է և ճիշտ չէ այն ազգովին նշելը. կարելի է պարզապես միմյանց շնորհավորել, ամփոփել տարվա ընթացքում կատարած աշխատանքները։ Այսօր դա ամփոփելու և գնահատելու է «Արտավազդ» մրցանակաբաշխությունը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Երևանի տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանը։
Հ. Պարոնյանի անվան պետական երաժշտական կոմեդիայի թատրոնի տնօրեն Կարո Շահբազյանն իր մտահոգությունը հայտնեց թատրոնի շենքի անմխիթար վիճակի կապակցությամբ։
«Երևի թե միակ թատրոնն է Հայաստանում, որն ունի շենքի վերանորոգման խնդիր»,-ասաց նա։ Նախորդ տարի թատրոնը հանդես է եկել, ընդհանուր առմամբ, 140 ներկայացմամբ, այդ թվում` 3` նոր։
Ըստ Հ. Ղափլանյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասան Հրաչյա Հարությունյանի` թատրոնի լինել-չլինելու մասին խոսում են նրանք, ովքեր ընդհանրապես կապ չունեն ոչ մշակույթի, և ոչ էլ հատկապես թատրոնի հետ։
«Այսօր Հայաստանում կան հրաշալի դերասաններ, բեմադրիչներ, ռեժիսորներ։ Այստեղ խնդիրը թատերագիտության բացակայությունն է։ Հայաստանում չկա թատերագետի մասնագիտություն, չկա իրական վերլուծություն և քննադատություն»,-ասաց դերասանը։
«Թատերագիտությունը Հայաստանում վերացավ այն ժամանակ, երբ մենք դա ցանկացանք։ Հիմա ամեն ինչ պետք է սկսել զրոյից։ Թատերագիտությունն է, որ պետք է ստեղծի թատերական մթնոլորտ։ Պետք է կարողանալ դիմանալ մրցակցությանը, ճիշտ չի լինի, երբ թատրոնը մրցակցության դուրս գա հեռուստատեսության կամ կինոյի հետ, թատրոնը պետք է մրցի թատրոնի հետ»,-ասաց Ռ. Բաբայանը։
Նա մտահոգություն հայտնեց նաև թատրոն հաճախելու և այնտեղ համապատասխան պահելաձևի բացակայության կապակցությամբ։
«Մեր ժողովրդի մեջ չկա թատրոն հաճախելու կուլտուրա։ Երեխաներին սովորեցնում ենք ինչպես պետք է հագնվել, սակայն չենք ասում, թե ինչ հագուստով պետք է թատրոն հաճախել, սովորեցնում ենք դանակ, պատառաքաղից օգտվել, սակայն ոչինչ չենք ասում թատրոնում համապատասխան պահելաձևի մասին։ Հասարակությունը չի գիտակցում մշակույթի իմաստը և կարեւորությունը։ Երբ պետությունը և հասարակությունը իրոք հասկանան մշակույթի դերն ազգի զարգացման գործում, այն ժամանակ թատրոնը կլինի իր տեղում»,-ավելացրեց Ռ. Բաբայանը։










