Մահմեդականները շատացել են, կաթողիկները` նույնպես
Համաձայն Վատիկանի կատարած հաշվարկների` 2006թ. աշխարհում մահմեդականների թիվը գերազանցել է բոլոր կաթողիկների թիվը: Այդ մասին հայտնում է AFP գործակալությունը:
Հռոմի կաթողիկ եկեղեցու կողմից պատրաստված տարեկան հաշվետվության մեջ նշվում է, որ աշխարհի 6,5 միլիարդանոց բնակչության թվում 19 տոկոսը դավանում է իսլամը, և միայն 17,4 տոկոսը` կաթողիկ կրոնը: Նման ցուցանիշը բացատրվում է, առաջին հերթին, այն հանգամանքով, որ մահմեդական ընտանիքներում երեխաների թիվը սովորաբար ավելի մեծ է:
Այնուամենայնիվ, քրիստոնյաների ընդհանուր թիվը (կաթողիկներ, ուղղափառներ, անգլիկաններ և այլն) կազմում է աշխարհի բնակչության մոտ 1/3-ը: Կաթողիկները մեծ թիվ են կազմում Հարավային ամերիկայում:
Վատիկանում ընդգծում են կաթողիկ բնակչության ավելացման միտումը: Այսպես, 2005թ. համեմատ` 2006թ. կաթողիկների ընդհանուր թիվն ավելացել է 1,4 տոկոսով` կազմելով 1,13 միլիարդ:










